Օրեր առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժմանը, այն է՝ «Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ»:
Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն, որը, ըստ կանխատեսումների, լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը, որի շրջանակներում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձեւավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, իսկ գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության. «Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր»։
Հայաստանում արհեստական բանականության առաջընթացի առաջամարտիկ, YerevaNN-ի գործադիր տնօրեն Հրանտ Խաչատրյանն ասում է` այս նախագծի մասշտաբը չափազանց մեծ է մեր տարածաշրջանի համար, բայց դա չի նշանակում, որ իրատեսական չէ, ավելին` անձնապես ճանաչում է այն ներդրողներին, ովքեր ներգրավված են այս գործում. «Այս նախագիծը մեզ համար է մեծ, բայց իրենց համար այնքան էլ մեծ չէ: Կես տարուց ավելի է, որ ես տեսնում եմ, թե ինչպես են այդ ուղղությամբ աշխատում, իմ տեղեկություններով՝ որեւէ էական խոչընդոտ չկա, ֆինանսավորման հարցը մեծ մասամբ լուծված է, եւ շատ ավելի կարեւոր է, որ NVIDIA ընկերությունն այդքան չիպեր (տեսաքարտեր), որոնք տեղադրվելու են այդ տվյալների կենտրոնում, կարողանա տրամադրել, որովհետեւ դրանց պահանջարկն աշխարհում շատ բարձր է, եւ մեծ մրցակցություն կա, թե ում են տալիս: Բայց այդ հարցն էլ է լուծված, իսկ վերջերս Փարիզում NVIDIA ընկերության տնօրենը հայտարարեց, որ իրենք փորձում են հեշտացնել տեսաքարտերի հասանելիությունը, եւ ցանկացած մասնագետ, որն ուզում է իր մոդելը, իր արհեստական բանականությունը ստեղծել` NVIDIA-ի միջոցով կարողանալու է ընտրել, թե որ տվյալների կենտրոնում իրեն հատկացնեն այդ ռեսուրսը: Իսկ այդ ցուցակում, թե ովքեր են հասանելի լինելու, որպես ընտրելու տարբերակներ, ցույց տվեց նաեւ Firebird ընկերությունը, որը Հայաստանում է լինելու հաջորդ տարի: Այսինքն՝ այդ մասով էլ արդեն պարզ է, որ ոչ միայն ստեղծվելու, այլեւ ինտեգրվելու է NVIDIA-ի նախատեսած համակարգի մեջ»:
Ինքն անձնապես ներգրավվա՞ծ է այս նախագծում, ի՞նչ հիմքեր ունի՝ իրատեսական համարելու այս նախագիծը։ «Ես շատ ներգրավված չեմ այն իմաստով, որ այդ ընկերության հետ կապ չունեմ, ներգրավված եմ այն առումով, որ մենք քննարկում ենք իրենց հետ, թե մեր գիտական խումբն ինչպես կարող է կադրեր պատրաստել, որոնք կկարողանան այդ ռեսուրսից օգտվել, որովհետեւ Հայաստանում առկա գիտելիքի համեմատ այդ ռեսուրսը շատ մեծ է, Հայաստանում այդքան մասնագետ չկա, որ դա կարողանա օգտագործել, բայց իրենք սահմանափակված չեն Հայաստանով եւ ծառայություն են մատուցելու ամբողջ աշխարհին: Այսինքն՝ եթե անգամ Հայաստանում ոչ մի մասնագետ չլինի, իրենք կաշխատեն, բայց իրենք ուզում են, որ հայկական օգտագործողների մասնաբաժինը մեծ լինի, ու մենք այն գիտական խմբից ենք, որ պատրաստում ենք այդ տիպի մասնագետներ: Մեր գիտական խմբում կան երիտասարդներ, որոնք այդ ուղղությամբ մասնագիտանում են ու դրա շրջանակներում իրենց հետ կապի մեջ են»,- նկատում է զրուցակիցս:
Ստեղծվող AI տվյալային կենտրոնը հիմնականում ո՞ր ոլորտներում է գործունեություն ծավալելու, արհեստական բանականության տված հնարավորությունները մենք ո՞ր բնագավառներում ենք կիրառելու։ «Դա դժվար է դեռ ասել եւ կախված է նրանից, թե ով կունենա համապատասխան գիտելիք եւ հնարավորություն, այդ թվում` ֆինանսական, դրանից օգտվելու համար, որովհետեւ դրանից օգտվելը շատ էժան չի լինելու: Հիմա, օրինակ, չեմ կարող ասել, թե Հայաստանում գործող ընկերություններից ով է նախատեսում դրանից օգտվել, բայց գիտեմ, որ ունակ են, դրանից մեկը «Պիքսարտն» է, որտեղ կան թե՛ մասնագետներ, թե՛ գիտնականներ, որոնք կարող են այդ տեսակ ռեսուրս օգտագործել: Օրինակ՝ կարող է գերհամակարգչի այդ հատվածը «Պիքսարտը» վարձակալել ու օգտագործել, հիմա թե այդպես էլ ովքեր կլինեն, որոնք գուցե ավելի փոքր ռեսուրսներով կկարողանան այդտեղ վարձակալել ու այդ ռեսուրսն օգտագործել` չեմ կարող ասել: Ի դեպ, այդ ընկերությունները հիմա էլի վարձակալում են նման ռեսուրսներ, բայց ո՛չ Հայաստանում, այլ, օրինակ՝ Ամերիկայում, իսկ հիմա կկարողանան նաեւ Հայաստանում վարձակալել: Հիմա թե էլ ովքեր կլինեն հաճախորդ եւ սպառող` չեմ կարող գուշակել, բայց շատ հնարավոր է` ամերիկյան ընկերություններ, որոնք այս տարածաշրջանում ծառայություններ են մատուցում, որոշ ռեսուրսներ վարձակալեն: Օրինակ՝ ChatGPT-ն եթե որոշի, որ ուզում է այդ թվում նաեւ Հայաստանում ունենալ սերվեր, որը հենց տեղում սպասարկվի, իրենք կարող են դրանից օգտվել»:
Հենց ԲՏԱ նախարարության ՖԲ էջում օգտատերերից շատերը ոչ միայն կասկածներ էին հայտնել, ծաղրել նախագիծը՝ այն անվանելով «օդ կրակող» պրոյեկտ, այլեւ բարձրաձայնել էին հարցը, թե այսօր Հայաստանն ունի՞ նման ծավալի տեխնիկական ռեսուրսներ, էներգոհամակարգ։ «Իմ պատկերացմամբ՝ առաջին փուլում, որտեղ խոսվում է այդ 500 մլն-ի մասին, դա պահանջելու է 20 մեգավատտ եւ ոչ 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, 100-ն ապագայի ընդլայնման պլաններն են, իսկ հիմա 20-30 մեգավատտի սահմանում է սկսվելու, ու, որքանով տեղյակ եմ, այդքանի հնարավորություն կա: Նաեւ ձեզ հավաստիացնում եմ` այդ մարդիկ, որ այս ծրագիրը սկսում են, այդքան հիմար չեն, այդ հաշվարկները հաստատ արել են, գտել են այդ հոսանքի աղբյուրները, գիտեն՝ ոնց մատակարարեն, թե ապագայում ինչքան կուզենան դա ընդլայնել, եւ գուցե պետք լինեն նոր էներգառեսուրսներ, բայց կարող է 100 մեգավատտ էլ կա Հայաստանում ազատ, որովհետեւ մենք նաեւ հոսանք ենք արտահանում, իսկ դա նշանակում է, որ այդ ռեսուրսը կա»,-ասում է Հ. Խաչատրյանն ու ընդգծում` լավ է, որ ներդրումներ կարվեն, որովհետեւ, ըստ նրա, պահանջարկը կա:
Թե ինչու է հենց Հայաստանն ընտրվել տարածաշրջանում որպես արհեստական բանականության կենտրոն, հատկապես որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ Հայաստանում այդքան մասնագետ չկա, որ կարողանա այն օգտագործել, Խաչատրյանը նկատում է. «Այս պրոյեկտի բիզնես հաջողության համար մասնագիտական ռեսուրսն այդքան կարեւոր չէ, եթե անգամ Հայաստանում ոչ մի մասնագետ չլինի, իրենք էլի կարող են այս բիզնեսն անել ու հաջողել, այս հարցը սահմանափակող հանգամանք չէ, բայց, իհարկե, մենք էլ ուզում ենք օգտվել այդ ամենից, եւ Firebird-ի հիմնադիրներն ուզում են, որ Հայաստանում էկոհամակարգը զարգանա, բայց եթե նույնիսկ դա չլինի, այս պրոյեկտի համար դա ռիսկ չէ: Իսկ թե ինչու Հայաստանը, ապա, իմ կարծիքով, առաջին պատճառն այն է, որ թե՛ հիմնադիրները, թե՛ ներդրողները՝ բոլորը հայեր են ու եթե հայեր չլինեին, չգիտեմ, թե ինչու պետք է Հայաստանում անեին»:
Չնայած, որպես մասնագետ, իրատեսական է համարում այս ծրագիրը, բայց շատերն այն դրեցին «Ակադեմիական քաղաքի», Աջափնյակի մետրոյի եւ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի կողքին։ Այս դիտարկմանը Խաչատրյանը պատասխանում է. «Արբանյակի հետ կապված միակ էական տարբերությունն այն է, որ այն պետական պրոյեկտ էր, սա՝ մասնավոր: Արբանյակի հետ կապված ինչն է վատ՝ որ պետությունն այդ արբանյակն ուղարկեց, բայց հետո ներդրումներ չարեց այն ուղղությամբ, որ այդ արբանյակի ռեսուրսները լավ օգտագործեին։ Օրինակ՝ կարելի էր ասպիրանտական ծրագրեր ֆինանսավորել, որ երիտասարդ գիտնականները սովորեին այդ արբանյակի լուսանկարների հետ էական խնդիրներ լուծել․ դա չարվեց։ Այսինքն՝ այդ նկարները եկան, գուցե ինչ-որ նախարարություններ օգտագործեցին դրանք, բայց մեծ ինդուստրիա դրա վրա չձեւավորվեց, որովհետեւ միայն արբանյակն առնելով չէ, պետք է դրա վրա հետո էլ ծախսեր անել, որ այդ ամեն ինչը լավ աշխատի: Դա վատ է, բայց արբանյակը դեռ պտտվում է, նկարներ է անում, մենք դիմել ենք, որ ստանանք այդ նկարները եւ փորձենք գիտական նպատակներով օգտագործել, դեռ չենք ստացել, կարող է դա էլ վատ նշան է, որ դանդաղ են արձագանքում, եւ կարելի էր այդ արբանյակից ավելի շատ օգուտ քաղել, որը դեռ չի արվում: Իսկ չի արվում, որովհետեւ պետական համակարգն է դանդաղ աշխատում, իսկ սա մասնավոր պրոյեկտ է, մասնավոր բիզնես, եւ դանդաղելու այդ հանգամանքը չի կարող խանգարել: Այստեղ պետությունն էլ, իհարկե, ինչ-որ ձեւով աջակցելու է, օրինակ՝ կարող է հողը նվիրել, բայց դա դեռ որոշված չէ»:
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է