02/07/2025

Եկեղեցին այսօր թիրախում է, բայց ոչ թե բերել բաց տարածություն՝ թիրախավորման «լավագույն դիրքին»

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության դեմ քաղաքական իշխանության գործողությունների և ստեղծված սուր առճակատման պայմաններում բավականին ակտիվացել են խոսակցությունները կամ ակնկալիքները, որ ՀԱԵ-ն պետք է առաջնորդի քաղաքական ընդդիմադիր ալիքն ու հասնի ժողովրդի միավորման ու քաղաքական իշխանության, Նիկոլ Փաշինյանի հեռացման:

Սրա մասին խոսում են շատերը: Ով ինչ նպատակ է հետապնդում այդ առումով, չեմ ուզում դատել միարժեք: Կասկած չկա, որ շատերն այդ մասին խոսում են զուտ քաղաքական կոնյուկտուրային հաշվարկներից ելնելով, իսկ շատերն էլ միանգամայն անկեղծ:

Սակայն, տվյալ պարագայում սեղանին դրված է Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակն ու ապագան՝ որպես բացառիկ ազգային ինստիտուտ, որը կարող է նաև բացառիկ դեր ունենալ հայկական պետականության կյանքում:

Երբ ՀԱԵ հանդեպ կա քաղաքական շարժման առաջնորդության ակնկալիք, քաղաքական դերակատարման առաջնագծում այս կամ այն կերպ դիրքավորելու ակնկալիք, դա ոչ միայն բացարձակապես չի նպաստելու եկեղեցու այն բացառիկ էքզիստենցիալ նշանակության ու դերային հեռանկարի ամրապնդմանը, այլ հակառակը՝ մեծ հավանականությամբ վնասելու է այն:

Որքան էլ հեղինակություն ունի ՀԱԵ-ն, այդ հեղինակությունը ակնհայտորեն այն աստիճանի չէ, որ ապահովի հանրային բացառիկ մոբիլիզացիա և հանրային գերակա վերաբերմունք:

Առավել ևս, որ այսօր մենք գործ ունենք խիստ հիբրիդային տեղեկատվա-քարոզչական միջավայրի հետ, որտեղ ամենափոքր գրառումն անգամ կարող է առաջացնել հանրային վարքագծի մեծ շեղումներ:

Այդ պայմաններում քաղաքական առաջնագիծ բերել եկեղեցուն, բարձրաստիճան հոգևորականությանը՝ թեկուզ Նիկոլ Փաշինյանի գործողություններից պաշտպանելու ամենաանկեղծ մղումով, կնշանակի եկեղեցուն կամ բարձրաստիճան հոգևորականությանը բերել հրապարակի մեջտեղը, որպեսզի բառի պատկերավոր իմաստով որևէ «քաղաքական դիպուկահարության» համար «թիրախը» լինի լավագույնս տեսանելի:

Պետք չէ կտրվել հեղինակությունից և առաջնորդվել եկեղեցու կամ բարձրաստիճան հոգևորականության անառարկելի հեղինակություն ունենալու պատրանքով: Պատրանքները երբեք չեն լինում օգտակար:

Անկասկած է, որ եկեղեցին այսօր թիրախում է, բայց կա խնդիր իսկապես խորքային աշխատանքի միջոցով, այդ թվում պատճառների ու խնդիրների արմատների մասին հանգամանալից մտորումների և մշակումների միջոցով հանել եկեղեցին թիրախից՝ այդ բացառիկ ինստիտուտի դերային հեռանկարը պահպանելու և ուժեղացնելու համար, այլ ոչ թե բերել բաց տարածություն՝ թիրախավորման «լավագույն դիրքին»: