Երեկ երեկոյան Գյումրու Սուրբ Ամենափրկիչ Յոթ Վերք եկեղեցում անցկացվեց աղոթական միջոցառումների շարք՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի։
Բազմաթիվ գյումրեցիներ մասնակցեցին այդ հոգևոր համախմբմանը՝ ի նշան հավատարմության և զորակցության։
Աղոթքի ընթացքում կազմակերպվեց նաև ստորագրահավաք, որը նախաձեռնել էր փաստաբան Թամարա Յայլոյանը։ Մի քանի րոպեում հարյուրավոր քաղաքացիներ ստորագրեցին՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին։
Թեև Սրբազանը արդեն մի քանի օր է կալանավորված է, Շիրակի թեմի առաջնորդարանի դռները բաց են։ Եկեղեցականներն ու սպասավորները ամեն օրվա պես շարունակում են կատարել իրենց աշխատանքը։ Ավելին՝ hraparak.am-ի հետ զրույցում ասացին, որ Սրբազանը նույնիսկ կալանավայրից շարունակում է համակարգել թեմի ողջ աշխատանքը։
Զրույցի ընթացքում սպասավորները նկատեցին նաև, որ կալանավայրը Սրբազանի համար խորթ միջավայր չէ, քանի որ նա առաջին հոգևորականն էր, որը 2001 թվականին, երբ ձեռնադրվեց Շիրակի թեմի առաջնորդ, սկսեց հաճախել քրեակատարողական հիմնարկներ՝ հոգևոր աջակցություն ցուցաբերելու կարիք ունեցող մարդկանց։
Միքայել Սրբազանի՝ կալանավայրեր այցելելու նախաձեռնությունը դարձավ օրինակ շատերի համար։ «Նրա մարդկային և հոգևոր մոտեցումը սկսեցին ընդօրինակել այլ հոգևորականներ, հասարակական գործիչներ և կամավորներ։ Սրբազանը ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդը նույնպես կարիք ունի հոգածության, հույսի ու բարության»,֊մեզ հետ զրույցում ասացին քահանաները` մտաբերելով`նման այցերից մեկի շրջանակում էլ Միքայել Սրբազանը Արթիկ քրեակատարողական հիմնարկ էր գնացել` այնտեղ գտնվող Նիկոլ Փաշինյանին տեսակցելու։ Միքայել Սրբազանի հետ կապված մեկ այլ միջադեպ էլ գյումրեցիները չեն մոռանում, երբ ուղիղ տաս տարի առաջ Քիմ Քարդաշյանն էր Գյումրի այցելել, մտել Սուրբ Ամենափրկիչ Յոթ Վերք եկեղեցի։
Եկեղեցու մուտքի մոտ խառնաշփոթ էր սկսվել, ոստիկանության ծառայողները փակել են եկեղեցու դռները` դուրս շպրտելով ներս մտնողներին։Ու հանկարծ հայտնվում է Միքայել Աջապահյանը, բարկացած բղավում է. «Բաց արեք եկեղեցու դռները, ո՞վ է ձեզ թույլ տվել փակել, ներս թողեք ժողովրդին»: Սրբազանի զայրույթից անվտանգության աշխատակիցներն անակնկալի են գալիս և բացում գոցած եկեղեցու դռները:
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա