08/07/2025

Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց

«Քննչական կոմիտեից հափշտակված 590.000 դոլարի գործը ուղարկվել է դատարան, թեեւ հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը այդպես էլ չհայտնաբերվեց։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել էր, որ մեղադրյալ Գոռ Թադեւոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել «ճանապարհին կորած» 11 հազար 200 դոլարը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մեղադրյալի հարազատները օրերս հափշտակված գումարից 11.200 դոլարը վերականգնել են, եւ նախաքննական մարմինը, դրանով բավարարված, գործը ուղարկել է դատարան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով բացահայտել են Քննչական կոմիտեի՝ Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։

Հանցանք կատարած անձինք ձերբակալվել էին, իսկ կատարված խուզարկությունների եւ վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել էր հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578.800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ:

Այժմ քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են ՀՀ քննչական կոմիտեի՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը եւ էդգար Գրիգորյանը. վերջինս, պարզվեց, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է: Նրանք երկուսն էլ այս պահին կալանավորված են»։