11/08/2025

ԱՄՆ կողմից ներկայացված «Թրամփի կամուրջի» «պլանը» նախ Թուրքիայի հետ համաձայնեցնելու կարիք ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «թիմը ներկայացրել է Ադրբեջանին վերաբերվող կոնկրետ պլան, որ ուղղված է Իսրայելի հետ նրա կապերի խորացմանը»:

Անանուն հինգ աղբյուր միաժամանակ հաստատել է, որ այս տարվա մարտին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը Բաքվում «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այդ հարցով բանակցություններ է վարել, որ շարունակել է նրա օգնական Արյե Լայթսթոունը»:

Ընդ որում, հայտնի է դարձել, որ «Աբրահամյան համաձայնագրերին» Ադրբեջանի միանալու կարևոր «նախադրյալ է դիտարկվել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումը»: Թուրքական թերթն իր կողմից հավելում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները «կապվել են Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի, հետ, որպեսզի գնահատեն «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հարցում նրանց շահագրգռվածությունը»:

Թուրքական լրատվամիջոցին հայտնի չէ՝ նման շփումներ արդյոք հաստատվե՞լ են Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ:

Ըստ երևույթին, ասվածը պետք է հասկանալ այն իմաստով, որ ԱՄՆ կողմից ներկայացված «պլանը» նախ Թուրքիայի հետ համաձայնեցնելու կարիք ունի: Այս ֆոնին Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցն ընդարձակ անդրադարձել է կատարել Israel Hayom պարբերականի մի հրապարկման, որի հեղինակը վարկած է առաջադրել Կիպրոսի հյուսիսում Իսրայելի և Հունաստանի միացյալ ուժերի «հատուկ գործողության անխուսափելիության» մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, որ այդ պարբերականը «սերտորեն կապված է Նաթանյահուի կառավարության հետ»: Ինչպես haqqin. az-ն է փոխանցում, Israel Hayom-ի հեղինակը նույնիսկ ենթադրյալ ռազմագործողության անունն է կանխատեսել՝ «Պոսեյդոնի զայրույթ», որ կարող են իրականացնել Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները:

Նման հեռանկարն իսրայելցի վերլուծաբանը, հավանաբար ոչ առանց հատուկ ծառայությունների հուշումների, հիմնավորել է նրանով, որ Կիպրոսի հյուսիսում Թուրքիան «հովանավորում է իրանական զինված խմբավորումների և ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին»:

Պարզամտություն կլիներ, իհարկե, այս տեղեկատվությունը միանշանակ վստահելի համարել, բայց, կարծես, իրողություն է, որ Մերձավոր Արևելքում և Միջերկրականի արևելյան հատվածում Թուրքիան և Իսրայելի շահերի արմատական հակասություններ ունեն:

Այս համատեքստում Ալիևն ինչպե՞ս է կողմնորոշվում՝ կարելի էր համարել նրա և Թուրքիայի նախագահի խնդիրը, եթե «Աբրահամի համաձայնություններին» Ադրբեջանի ֆորմալ մասնակցությունը Միացյալ Նահանգների կողմից չպայմանավորվեր հայ-ադրբեջանական կարգավորմամբ:

Մի կողմից դա, կարծես, առնվազն քաղաքական երաշխիք է, մյուս կողմից, երևի՝ մարտահրավեր: Քանի որ ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը չափազանց տուրբուլենտ է, իսրայելա-պաղեստինյան հաշտության հեռանկարը՝ խիստ անորոշ: