«Իրանում արձագանքը շատ մեծ է, բնականաբար, իրենց դավաճանված են համարում, որովհետեւ բազմիցս շեշտվել է, որ դա Հայաստանի կարմիր գիծն է, բայց ինչպես միջազգային ԶԼՄ-ներից տեղեկացա, դա փաստորեն նույն Զանգեզուրի միջանցքն է, որը ըստ Ազատություն ռադիոկայանի պարսկերեն ծառայության, հենց Հայաստանի խնդրանքով են կոչել Թրամփի անունով: Հայաստանին տրվում է դրա անվտանգությունն ապահովելու հարցը, ինչը Հայաստանի համար դժվար է, ռիսկային է, քանի որ ամեն րոպե թուրքերը կարող են սադրել եւ միջանցքը վերցնել իրենց ձեռքը»,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հարցազրույցում հնչեցրած մտքերը, որոնք վերաբերվում են միջանցքի մերժմանը եւ դրա՝ ԱՄՆ-ին 99-ամյա զարգացման վարձակալության իրավունքի տրամադրմանը, ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:
Նրա ձեւակերպմամբ, Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող միջանցքը 99-ամյա զարգացման վարձակալության իրավունքը տրամադրելուց հետո, դժվար թե այն հետագայում հնարավոր լինի վերադարձնել:
«Իրանը չի հաշտվում կատարվածի հետ, Իրանում հույս ունեն, որ մինչեւ ծրագիրը իրականություն դառնա, ժամանակ կտեւի, որը պետք է օգտագործել խնդիրը շտկելու համար: Մի քիչ էլ սպառնալիքի բնույթ է կրում արձագանքը, հատկապես երբ երկրի նախագահը արտաքին գործերի նախարարությունում հայտարարում է, որ դա երկրորդական հարց է, վերլուծաբանները մեղադրում են իշխանություններին ոչ հեռատես լինելու մեջ, կատարվածը համեմատում են ժամանակին շահի կողմից Թուրքիան Նախիջեւանին կապող հատվածը տրամադրելու հետ: Ասում են՝ եթե հեռատես լինեին, դա տեղի չէր ունենա: Ու հիմա մի հատված կա, որ Իրանն ուզում է օրակարգ բերել, Իրանը ձգտում է պարզապես համապատասխան հակազդեցություն ցուցաբերել: Իրանի արտգործնախարությունն էլ էր հայտարարությամբ հանդես եկել, բայց ընդամենը ողջունել էր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը, այդ զարգացումը գնահատելով որպես կարեւոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու գործում»,-ասում է իրանագետը:
Նա փաստում է, որ ադրբեջանցիները շատ ուրախ են կատարվածի համար եւ հայտարարում են, որ ստացել են այն ամենը, ինչ պահանջել են Հայաստանից. «Երբ Ալիեւը հայտարարում էր, որ Հայաստանի մաքսավորների երեսը չեն ուզում տեսնել, հիմա այդպես էլ կլինի: Հայաստանը շատ չնչին մասնակցություն ունի այստեղ, ու ընդամենը ոչ մեծ եկամուտ կարող է ստանալ: Միջանցքի ներդրողները հիմնական արաբական երկրներից են, իսկ ԱՄՆ-ը ոչ մի անվտանգության երաշխիք չի տալիս: Ես ի սկզբանե ենթադրում էի, որ այստեղ Նաթանյահուն իր դերն ունի, եւ իսկապես ամեն ինչ տեղի է ունեցել հենց Իսրայելի լոբբիստական աջակցությամբ:
12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում համոզված էին, որ հարձակումները Իրանի վրա շատ դեպքերում եղել են Ադրբեջանից, այսինքն՝ դրան ի պատասխան հիմա Նաթանյահուն կարող էր այդ լավությունն անել Ադրբեջանի համար: Բոլոր դեպքերում ես միշտ ասել եմ, եթե պիտի լինի ճանապարհ, ապա գոնե պետք է Հայաստանի վերահսկողության ներքո լինի, իսկ եթե ոչ՝ դա ողբերգություն է»:
Բաց մի թողեք
Ոչինչ հստակեցված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ թղթին հանձնել
Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են
էդ միջանցք չի, ուղիղ գծով խաղաղասիրական զբոսաշրջությո՞ւն է. Լուսանկար