Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Մատվեևը Ռուսաստանի կողմից աշխարհաքաղաքական կորուստներին հակազդելու «դեղատոմս» է առաջարկել. «Ջախջախել (հետխորհրդային երկրների ազգային) համայնքները, հարվածել էթնիկ կազմակերպված հանցավոր խմբերին և Ռուսաստանում նրանց բիզնեսին: Բայց դրա համար պետք է առաջին հերթին իշխանության մեջ և ուժային կառույցներում նրանց լոբբիստների «ձեռքին խփել»»:
Որ սա ցարական ժամանակներից հայտնի «սև հարյուրական ահաբեկչության» վերականգնման և էթնիկ ջարդերի (նորագույն պատմության մեջ հրեաների առաջին զանգվածային հալածանքները և ջարդերը կազմակերպվել են Ռուսաստանում) հրահրման կոչ է, պետք է ուշադրության առնեն հետխորհրդային բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը:
Բայց Մատվեևի հայտարարությունը չափազանց ուշագրավ է բոլորովին այլ առումով: Ռուսաստանցի խորհրդարանականը փաստացի բացահայտում է, որ իր երկրում գործում են էթնիկ հանցավոր խմբեր, որ ունեն պատկառելի բիզնես, իսկ այդ ամենը սկզբնավորվել, տարածվել և արմատավորվել է իշխանության մեջ և ուժային կառույցներում նրանց լոբբիստների գիտությամբ:
Ստացվում է, որ Ռուսաստանի գործող բարձրագույն իշխանությունը հետխորհրդային երկրների հետ «ջենթլմենական համաձայնություն» է ունեցել՝ քաղաքական լոյալության դիմաց աչք փակել էթնիկ համայնքների հանցավոր գործունեության հանդեպ, ինչը հնարավորություն է տվել, որ նախկին խորհրդային հանրապետությունից Ռուսաստանում հաստատված ձեռնարկատերերը և իրենք հարստանան, և հարստացնեն իշխանության մեջ և ուժային կառույցներում իրենց լոբբիստներին:
Ոչ միայն տրամաբանական, այլեւ գրեթե հավաստի է, որ այդ լոբբիստները չէին կարող տասնամյակներ ի վեր հովանավորել էթնիկ հանցախմբերին, եթե իրենց հերթին լոբբիստներ չունենային իշխանության վերնախավում և ուժային մարմինների կենտրոնական գերատեսչություններում: Այսպես «ուղղագիծը» հասնում է Կրեմլին:
Ավելի ճիշտ կլինի ասել, որ գործ ունենք հանցավոր «ուղղաձիգի» հետ, որ Կրեմլից հասնում է, ասենք, Ստավրոպոլի երկրամաս: Միխայիլ Մատվեևն, ըստ այդմ, բացահայտել է, որ Ռուսաստանը քրեապետություն է:
Եվ դա է հենց նրա ամենալուրջ սպառնալիքը: Հետխորհրդային ոչ մի երկիր Ռուսաստանի թշնամին չէ: Բայց հետխորհրդային բոլոր երկրներից Ռուսաստանում ձևավորված էթնիկ հանցախմբերը կարող են «քրեական ինտերնացիոնալ» ձևավորել և Պուտինին «պատերազմ հայտարարել»:
Կամ «գողական սխոդկա հրավիրել և պախանին գահընկեց անել»: Երկու սցենարն էլ հետխորհրդային բոլոր երկրների համար հավասար սպառնալիք է:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»