Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը մեկնել է Ադրբեջան, Գաբալա, որտեղ կմասնակցի Թուրքական պետությունն կազմակերպության գագաթնաժողովին: Այն կանցնի «Խաղաղություն և տարածաշրջանային անվտանգություն» օրակարգային հարցով:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն իր հերթին հայտնում է, որ Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարին» և խոստացել «այսուհետև ևս աջակցել «ՀԿԹՀ»-ին»: Էրսին Թաթարը կարծիք է հայտնել, որ «ՀԿԹՀ»-ն կարող է «լինել Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ»:
Այս հարցը մշտապես առաջ է քաշում Թուրքիան, բայց առայժմ որևէ առաջընթացի չի հասել: ԹՊԿ նախորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Կենտրոնական Ասիայի երկրները Եվրամիության հետ իրավական ուժ ունեցող հայտարարություն են ստորագրել, որով ճանաչել են Կիպրոսի ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Այդուհանդերձ, Գաբալայում Էրսին Թաթարի ներկայությունը հուշում է, որ «ՀԿԹՀ» լեգիտիմացման հարցը կրկին քննարկման առարկա է դառնալու: Կենտրոնական Ասիայի թուրքախոս երեք պետությունները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը, ինչպես նաև Ադրբեջանը շատ որոշակիորեն կախված են Եվրամիությունից:
Միաժամանակ այդ երկրների, հատկապես Ադրբեջանի, նկատմամբ մեծ է Թուրքիայի ազդեցությունը, իսկ Էրդողանը Կիպրոսի հյուսիսի թուրքերի «հավասար իրավունքների պաշտպանությունը» երկրի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է հռչակել:
Դժվար է կանխատեսել, թե Եվրամիության և Թուրքիայի միջև ընտրության անհրաժեշտության դեպքում ինչ որոշում կկայացնեն Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները:
Tengri.news-ը, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմին աֆիլացված լրատվամիջոցի համարում ունի, Տոկաևի Գաբալա այցի մասին տեղեկությանը հավելել է, որ պգոստոսին նա Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել Վաշինգտոնում հայ-ադրբեջանական կարգավորման համաձայնությունների առթիվ:
Ըստ երևույթին, այդ հավելումը պետք է հասկանալ այն իմաստով, որ Տոկաևը ԹՊԿ գագաթնաժողովում պաշտպանելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, որի իրացումը կարող է տարածաշրջանային անվտանգություն երաշխավորել թե Հարավային Կովկասում, թե Կենտրոնական Ասիայում: Այս իմաստով «ՀԿԹՀ» լեգիտիմացման փորձն ակնհայտ ոչ կառուցողական է:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է