17/11/2025

«Թրամփի ուղի» նախագծի որևէ ձևով ռևիզյան գուցե վերջապես բացի հանրության աչքերը

2006թ. տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայում միջազգային խորհրդաժողովի ամբիոնից հայտարարել է, որ շուտով իր երկրի ռազմական ծախսերը կհավասարվեն Հայաստանի պետական համախառն բյուջեին և հավելել, որ ուժերի նման հարաբերակցությամբ «իրադարձությունները կարող են զարգանալ այլ սցենարով»:

Դա այն շրջանն էր, երբ միջնորդները կողմերի հետ քննարկում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը «հետաձգված հանրաքվեի» միջոցով կարգավորելու տարբերակը, որ հետո ստացավ «մադրիդյան սկզբունքներ» անվանումը:

Թաթուլ Հակոբյանը «դառը սուրճի հետ թարմ ուղեղով» մտորում է, որ քանի դեռ Արցախը և հարակից տարածքները կային, Ադրբեջանը բանակցելու ցանկություն ուներ, այսօր Արցախը և հարակից տարածքները չկան, Ադրբեջանն էլ բանակցելու ցանկություն չունի:

Իրականում Ադրբեջանը երբեք միջազգայնորեն իրենը ճանաչված տարածքները դիվանագիտական «առևտրի առարկա» չի դիտարկել, խոսույթը եղել է մեկը՝ «մենք մեր հողի մի մասի հաշվին մյուսից չենք հրաժարվի», այսինքն՝ «ԼՂ-ն նրա շուրջ տարածքներն ստանալու դիմաց չենք տա հայերին»:

Ովքեր ժամանակին տրվել են խաբկանքի կամ, գուցե, անկեղծորեն հավատացել, որ Ադրբեջանի արաքսամերձ շրջաններն ազատագրում են, որպեսզի, ինչպես թուրքերը և ռուսներն են ասում՝ «բաշ-նա- բաշ փոխանակեն Արցախի հետ», պետք է խոստովանեն, որ չարաչար խաբվել են, մոլորվել կամ սեփական հնարավորությունները գերագնահատել:

Իսկ ներկա դիսկուրսից պետք է բացառել «ինչ որ բան տալու դիմաց ինչ-որ բան ստանալու» խոսույթը, քանի որ այդ դեժավյուն Հայաստանը կտանի նոր և ավելի վտանգավոր փակուղի: Մանավանդ, որ զուգահեռաբար տարածվում է «Թրամփի ուղի» նախագիծն «ռևիզիայի ենթարկելու անհրաժեշտության» գաղափարը:

Ըստ երևույթին, ընդդիմությունը մշակում է, քարոզչամատրիցա, որ վաշինգտոնյան համաձայնությունները խաղաղության «անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են, լավ բանակցելու դեպքում կարելի է այվեին ստանալ»,- և դա էլ լինելու է նրա նախընտրական «конек»-ը:

Սա գրեթե նույնն է, ինչ ասվում էր «մադրիդյան սկզբունքների» մասին. «Այո, լավ է, բայց կարելի է ավելին ստանալ»: «Ավելին» աղետալի պատերազմն էր: Իսկ «Թրամփի ուղի» նախագծի որևէ ձևով ռևիզյան գուցե վերջապես բացի հանրության աչքերը: