Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արամ Վարդևանյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի վերջին որոշումներին։
Նրա խոսքով՝ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է դատախազության բողոքը, ինչի արդյունքում մեղադրանքի մեծ մասը՝ հատկապես տնտեսական բնույթի դրույթները, չի հաղթահարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը։
Այս իրավիճակում, ըստ փաստաբանի, ուժի մեջ է մնացել միայն Կարապետյանին վերագրվող մի արտահայտություն Մայր Աթոռի պաշտպանությանը մասնակցելու վերաբերյալ, որն ինքնին ենթադրում է առավելագույնը հինգ ամիս նախաքննության ժամկետ։
Վարդևանյանի հայտարարությամբ՝ եթե ամբողջ մեղադրանքի շրջանակում պահպանված են միայն այդ դրվագները, ապա նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետի լրանալուն պես Կարապետյանը պետք է ազատ արձակվեր։ Սակայն ներկայացված նոր միջնորդությունը, ըստ նրա, փաստում է, որ գործընթացը շարունակում է դուրս մնալ իրավական տրամաբանությունից։
Պետական քրեական հետապնդման մարմինները միջնորդություն են ներկայացրել ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով շարունակելու համար,- նշեց նրա պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ գործարարն արդեն մոտ հինգ ամիս պահվում է կալանքի տակ։
Փաստաբանի խոսքով՝ քննությունը վարելու համար ձևավորված խումբը ներառում է հիսունից ավելի քննիչ, որոնք աշխատում են դեռևս հուլիսից։ Վարդևանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, նրանք կրկին դատարանից պահանջում են նախաքննությունը շարունակելու համար լրացուցիչ ժամանակ, իսկ Կարապետյանը պետք է մնա կալանքի տակ։ Փաստաբանը սա գնահատեց որպես իրավական շրջանակներից դուրս գործողություն։

Բաց մի թողեք
Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել