18/11/2025

ՔՊ-ն հասկացավ, որ 2026-ին էլ վարչական ռեսուրս օգտագործելով կարող է հաղթել

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ն ստացավ 15 հազար 298 (48.5 %) ձայն։

Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է՝ 10 հազար 51 քվե (31.9 %), «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը` 1692 ձայն (5.4): Մյուս ուժերը չեն անցել. «Հանրապետություն» կուսակցությունը` 1241 (3.9 %), «Հայրենիք» կուսակցությունը` 1193 (3.8 %), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` 1177 քվե (3.7 %)։

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

– Ինչո՞ւ ՔՊ-ն հաղթեց, եւ ինչի՞ ցուցիչ է այդ հաղթանակը։

– ՔՊ-ի հաղթանակը ցուցիչ է ընտրողների շատ փոքր մասնակցության։ Եթե մենք հիշենք ուրիշ դրվագ, որտեղ ՔՊ-ն պարտվել է՝ դա եղել է Գյումրիում, իսկ այնտեղ ընտրողների մասնակցությունը եղել է բավականին մեծ։ Այնտեղ Ռուբեն Մխիթարյանը, որը վերջում մտավ ընտրապայքարի մեջ, չնայած որ շատ ձայն չհավաքեց, սակայն կարողացավ ապահովել ընտրությունների քաղաքականացումը, եւ դա իշխանություններին ձեռք չի տալիս։ Պետք է հաշվի առնել, որ, տիրապետելով բոլոր լծակներին, նրանք փորձում են համայնքային ընտրությունները վերածել ուղղակի տեխնիկական ընտրությունների, իսկ տեխնիկական ընտրությունների պարագայում հնարավորություններն ավելի շուտ իշխանության ձեռքում են, որովհետեւ իշխանությունը կարող է, օրինակ, հարցեր լուծել, պայմանականորեն` ասֆալտի հարցը։ Իշխանություններն ուզում են, որ համայնքային ընտրությունները տեղափոխվեն այդ դաշտ, որ այդ ընտրությունները քաղաքական չեն։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ, ըստ Ձեզ, եթե Վաղարշապատում էլ Գյումրու ընտրությունների սցենարով կարողանային հանրության լայն զանգվածներին ճանաչելի անձի առաջադրել, ապա պատկերն այլ կլիներ։

– Իհարկե։ Բացի այդ, մենք տեսանք, որ Գյումրիում տեղական հեղինակություններն ակտիվորեն մասնակցել են, բայց Վաղարշապատում այդպես չեղավ, եւ թույլ մասնակցության պատճառով իշխանությունները հաղթեցին․ սա էր հիմնական պատճառը։

– Իսկ ցածր մասնակցության պատճառի հիմնական մեղավորն ո՞վ է՝ մարդկանց իրենց անօգնականության մեջ համոզող ՔՊ-ն, թե՞ ընդդիմությունը բավարար աշխատանք չի տարել այդ ուղղությամբ։

– Իհարկե՝ ընդդիմությունը։ Տվյալ դեպքում իշխանությանը ձեռք է տալիս ցածր մասնակցության տոկոսը, որովհետեւ ցածր մասնակցության պարագայում իշխանությունները հաղթում են։ Ընդդիմությանը ձեռք չի տալիս ցածր մասնակցությունը, եւ այս պարագայում ընդդիմությունը պետք է կարողանա կազմակերպել բարձր մասնակցություն, իսկ եթե չի կարողանում՝ դա իր մեղավորությունն է։ Իշխանությունն իր վարչական ռեսուրսն ուներ, որն էլ օգտագործեց։

– Ո՞ր ընդդիմադիր ուժերն ամենալավն աշխատեցին ընտրողների հետ։

– Ի տարբերություն Գյումրվա քարոզարշավի, շատ տեսանելի չէր Վաղարշապատի քարոզարշավը, բայց տեսնում ենք, որ ընդդիմության մեջ առաջին տեղը զբաղեցրել է «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչը, եւ, թերեւս, ճիշտ կլինի այսպես որակել, որ ամենալավ աշխատանքն իրենք են տարել։

– Տարբերությունը ՔՊ-ի հետ 5 հազար քվե է եղել։

– 5 հազար քվեն որոշ դեպքերում կարող է մեծ թիվ լինել, իսկ որոշ դեպքերում կարող է փոքր թիվ լինել։ Տվյալ դեպքում, իմ կարծիքով, այդքան էլ մեծ տարբերություն չէ՝ ընդդիմության դաշինքը, թեկնածուն բավականին լավ է աշխատել, ուրիշ բան, որ ընդդիմության սուբյեկտների թիվը քիչ է եղել, եւ այս պարագայում երեւի թե դիտարկենք, որ սա ոչ թե այս սուբյեկտի պարտությունն է եղել, այլ՝ ընդդիմադիր դաշտի։ Օրինակ, «Մեր ձեւով» դաշինքը չի մասնակցել, եւ դա էլ է իր հերթին ազդել մասնակցության վրա, իսկ եթե մասնակցեին, հնարավոր է ընտրությունների վերջնարդյունքն այլ լիներ։

– Վաղարշապատի ընտրություններում ամենաքիչ ձայնը հավաքել էր Մանվել Գրիգորյանի դուստրը, որը հանդես էր եկել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով։ Այսինքն, կյանքի ճանապարհ անցած, մարդկանց կողմից ճանաչված՝ վաստակ ունեցող մարդու դուստր կամ որդի լինելն այլեւս չի՞ աշխատում։

– Նախ, հայտնի մարդու հարազատ լինելը երբեք լուրջ գործոն չի եղել, մենք ունենք նման փորձ, երբ, օրինակ, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, թեեւ իր քաղաքական գործունեության մեջ առաջին իմպուլսն ունեցել է, բայց վերջում դա ոչ մի դրական բանի չհանգեցրեց։ Երկրորդը․ մենք ունենք Արամ Սարգսյանի փորձը, որը փորձում է եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հեղինակությունն օգտագործել եւ նրա շնորհիվ ինչ-որ հարցեր լուծել։ Նույնը Արգիշտի Մեխակյանն է, որը Մեխակ Մեխակյանի որդին է, նրանք էլ փորձեցին այդ հանգամանքն օգտագործել, բայց չեմ կարծում, թե դա աշխատող հիմնական գործոնն է եղել։ Մանվել Գրիգորյանը չնայած որ հեղինակություն էր, բայց աջակցություն չուներ․ սա շատ կարեւոր է, եւ սա էլ պետք է հաշվի առնել։ Մեկ այլ կարեւոր հանգամանք կա․ ես որքան հիշում եմ, «Ժառանգություն» կուսակցությունը եւ անձամբ նշված անձնավորությունը հայտարարեց, որ, այսպես կոչված, նախկինների հետ չի համագործակցելու, ինչքան որ ես եմ հիշում։ Եթե ես ճիշտ եմ, ապա ամեն ինչ պարզ է։ Եթե մարդիկ ընդդիմության օգտին են քվեարկում, ապա ի՞նչ իմաստ ունի քվեարկել այն մարդկանց օգտին, ովքեր կարծես ամենասկզբից հայտարարում են՝ ընդդիմության ընդդիմություն են, ոչ թե իշխանության ընդդիմություն են։ Սա ընդհանրապես լուրջ խնդիր է Հայաստանում, երբ իշխանությունների վարած քաղաքականությունն ընդդիմության դեմ բերում է նրան, որ մարդիկ ուղղակի փորձում են ընդդիմությունից մի քիչ հեռու մնալ։ Սակայն իրենք չեն հասկանում, որ այդպիսով իրենց են վնասում։ Այդ ձեւով իրենց քարոզարշավը կամ իրենց թեզերը պարզապես չեն ընկալվելու։ Օրինակ, չկազմելով կոալիցիա ընդդիմության հետ, ի՞նչ պետք է խաղային՝ ես սա չեմ հասկանում։ Այնպես որ, այս դեպքում այնքան էլ չեմ զարմանում, որ հաջողություն չկար։

– Իսկ ՔՊ-ն ի՞նչ դաս կքաղի Վաղարշապատի ընտրություններից, հատկապես որ շեշտում են՝ 2026 թվականի համապետական ընտրությունների համար կարեւոր նախերգանք էր սա։

– Իրենք այն եզրահանգմանը կգան, որ եթե վարչական ռեսուրս կիրառեն, ապա կհաղթեն, եւ այս փորձն իրենք կիրառելու են։ Միանշանակ, իրենք համարելու են, որ այստեղ վարչական ռեսուրս կիրառեցին՝ նույնիսկ ավելի շատ, քան Գյումրիում, ու ունեցան լավ արդյունք, հետեւաբար, համապետական ընտրություններին կհասկանան, թե որքան շատ վարչական ռեսուրս կիրառվի, այնքան իրենց համար լավ արդյունք են ապահովելու։