Վաղարշապատի համայնքային ընտրությունից ընդդիմության հիմնական «հաղթաթուղթը», որքանով հասկացվում է նրան սատարող մամուլի հրապարակումներից և սոցցանցային գրառումներից, այն է, որ չոր արդյունքով ՔՊ-ն ստացել է մասնակիցների ձայների 48, իսկ նրա բոլոր ընդդիմադիրները՝ 52 տոկոսը, և դա իշխանության հաղթանակ չպետք է ընդունել:
Մի քանի փորձագետ քննադատել է Ընտրական օրենսգիրքը, որ թույլ է տալիս կիրառել Դոնթի բանաձևը: Ոմանք հաշվել են, որ դրա շնորհիվ ՔՊ-ն Վաղարշապատում «չվաստակած երեք-չորս մանդատ է ստացել»:
Պետք է նկատի ունենալ, որ Վաղարշապատում փորձարկվել է մի սցենար, որ եթե հաջողությամբ պսակվեր, ինչպես եղավ Գյումրիում, ապա պետք է խորհրդարանական ընտրություններում, այսպես ասած՝ մոդելային լիներ:
Այսինքն՝ ստացվեր այնպես, որ ՔՊ-ն, ստանալով ամենամեծ քանակի ձայներ առանձին վերցրած բոլոր մրցակիցների նկատմամբ, վերջնարդյունքում հայտնվեր փոքրամասնության կարգավիճակում և չկարողանար կառավարություն ձևավորել:
Դատելով ընդդիմության կամ, ավելի ճիշտ, հակափաշինյանական ուժերի քարոզչությունից՝ նրանք կարևորում են իրողությունը, որ «Հանրապետություն» կուսակցությունը շեմը չի հաղթահարել և հանգում են եզրակացության, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում «մնալու է միայնակ»:
Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունն ունի մեկ հակառակորդ՝ Նիկոլ Փաշինյան, իսկ նա «կոնեսնսուսի» դեմ «անվտանգային բարձիկ չունի»: Պարզ ասած, ընդդիմությունը գրեթե համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում երկրորդ ուժ, որ կհաղթահարի անցողիկ շեմը և անհրաժեշտության դեպքում ՔՊ-ի հետ դաշինք կկազմի ու կապահովի կայուն մեծամասնություն, քաղաքական դաշտում չկա:
Ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, ելնում է նաև Գյումրու քվեարկության արդյունքներից, երբ եվրոպամետ ուժերի դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը:
Գործ ունենք իրավիճակի հետ, որ եթե ընտրություններին նախորդող մի քանի ամիսների ընթացքում արմատապես չշտկվի, ապա խորհրդարանական ընտրությունները վերածվելու են «կենաց-մահու պայքարի», որտեղ ՔՊ-ն, իրոք, կարող է միայնակ մնալ «կոնսենսուսային ընդդիմության» դեմ:
Եվ խնդիրն այս դեպքում ամենեւին էլ նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապագան չէ: Հայաստանը կարող է մատնվել իշխանության ճգնաժամի:
Կարելի է կամ պետք է կանխատեսել, որ «չոր հաղթանակի», այսինքն բացարձակ մեծամասնություն ունենալու դեպքում ՔՊ-ն մեղադրվելու է «ընտրությունները կեղծելու» մեջ, իսկ եթե դա ապահովվի Դոնթի բանաձևի կիրառմամբ, ապա շրջանառվելու է թեզ, որ «իշխանությունը չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կամքը, ուստի նրա որոշումները լեգիտիմ չեն»:
Երկու դեպքում էլ հետընտրական սրացումների հավանականությունը չափազանց մեծ է, իսկ 2026թ. երկրորդ կեսը կարող է լինել «Թրամփի ուղու» վերաբերյալ գործնական որոշումների, հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման ժամանակաշրջան:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավո՞ր է ստեղծել ներքաղաքական «անվտանգային բարձիկ», մի ուժ, որ գեներացնի անցողիկ շեմի հաղթահարման ռեսուրս: Եթե հաջողվի, ապա «ցնցումների» և, մանավանդ, «իշխանության ճգնաժամի» սպառնալիքը զգալիորեն կչեզոքանա:
Առայժմ գրեթե ակնհայտ է, որ ընդդիմությունը համախմբման և հավելյալ ռեսուրսների ներգրավման խնդիր է դրել: Կարելի է կանխատեսել, որ Հայաստանում փորձ է արվելու կրկնել Մոլդովայի օրինակը:
Սանդուի կուսակցությունը հաղթել է շնորհիվ արտերկրում քվեարկության արդյունքների: Հայաստանում այդ դերը կարող են կատարել եվրոպամետ ուժերը: Եթե կարողանան հանդես գալ միասնաբար և մեկ ընտրացուցակով:






Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «անկլավների փոխանակման» բարդ թեման
Ալիևին որքանո՞վ է ձեռնտու հայ-ադրբեջանական կարգավորումը
Ինքնաթիռը «կործանվել է մի տարածքում, որ դարեր շարունակ օսմանյան մարզ է եղել, բայց անցել է Վրաստանին»