Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է երկրի մշտական չեզոքության 30-րդ տարեդարձին նվիրված «Խաղաղության և անվտանգության միջազգային խորհրդրաժողովը»:
Միջոցառմանը ներկա են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները, Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները:
Turkiye իշխանամետ պարբերականը փոխանցել է խորհրդաժողովին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի հիմնական թեզերը:
Թուրքիայի նախագահը կենտրոնացել է Պաղեստին պետության ստեղծման նպատակի վրա: Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է վճարի պաղեստինցիների առջև իր պարտքը»: Էրդողանը խոսել է Թուրքիայի «շուրջ խաղաղության և անվտանգության գոտի ստեղծելու» քաղաքականության մասին:
«Գիտակցելով պատմությամբ, աշխարհագրությամբ և քաղաքակրթությամբ մեզ վրա դրված պարտքը, Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի խաղաղության և երկխոսության հաղթանակը»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքմենստանը Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է: Բավական ներկայանալի մակարդակով նշելով մշտական չեզոքության հոբելյանական տարեդարձը, Աշխաբադը Կենտրոնական Ասիայի անմիջական հարևան Ռուսաստանին և Իրանին, ինչպես նաև Թուրքիային ակնհայտորեն ազդակ է հղում, որ ռազմական դաշինքների անդամակցության նպատակ չունի:
Պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանի թուրքախոս պետություններից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ են, բայց միաժամանակ ռազմավարական համագործակցություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
ԹՊԿ վերջին գագաթնաժողովում քննարկվել է այսպես կոչված «թուրանական բանակի» ստեղծման հարցը: Այս առումով փորձագետներն ուշադրություն են հրավիրում Ուզբեկստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մեկնարկի, ինչպես նաև Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա «եռյակ դաշինքի» հետևողական ինստիտուցիոնալացման վրա:
Աշխաբադի խորհրդաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը հուշում է, որ միջոցառումը կարող է ունենալ ոչ հրապարակային մաս:
Ըստ տեղեկությունների, նախատեսված են Պուտին-Էրդողան, Պուտին-Փեզեշքիան բանակցություններ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայության ֆոնին Հայաստանի բացակայությունը բավական ակնառու և խորհրդանշական է:






Բաց մի թողեք
Ի՞նչ կա այնտեղ, և ինչո՞ւ է Մոսկվան այդքան ցանկանում վերահսկողություն հաստատել ամբողջ տարածքի նկատմամբ
Մի՛ միջամտեք եվրոպական ժողովրդավարությանը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդդեմ Թրամփի
Թրամփի հարձակումները սվիններով են ընդունում ԵՄ-ում, բայց արագացնում են ԱՄՆ-ից հետո պաշտպանական ծրագրերը