Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնակից Քրիս Ռայթի, առևտրի նախարարի օգնական և Արտաքին առևտրի ծառայության գլխավոր տնօրեն Դեւիդ Լ Ֆոթելի, ինչպես նաև Սպիտակ տան ազգային էներգետիկ գերակայության Խորհրդի գլխավոր տնօրեն Ջարարոդ Ահենի հետ:
Այդ մասին հայտնում են Բաքվի իշխանական լրատվամիջոցները:
Բանակցությունների ընթացքում «կարևորվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը էներգետիկ համագործակցությունը հասցրել է նոր փուլի»:
Այդ համատեքստում կողմերն ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև մշակման փուլում գտնվող ռազմավարական համագործակցության Խարտիան, ինչպես նաև Թրամփի երթուղին «նոր լիցք են հաղորդում էներգետիկ ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը»:
«Թրամփի երթուղով» խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների անցկացման հավանականության մասին մի քանի անգամ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զգաստացնում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգներն այդ հնարավորությունը քննարկում են երկկողմ ձևաչափով:
Ընդ որում, ինչպես բավական պարզորոշ հետևում է հաղորդագրությունից, խոսքը վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության Խարտիայի մշակումներին: Այսինքն, Վաշինգտոնը և Բաքուն քննարկում են Հայաստանի տարածքով էներգետիկ համագործակցության ծրագրեր իրականացնել:
Այս տեղեկատվությանը զուգահեռ իշխանական minval politika-անդրադարձել է Ուկրաինայի հարցում Եվրամիության դիրքորոշմանը և այն գնահատել Թրամփի ծրագրին «ոտք գցելու» քայլ:
Ադրբեջանցի մեկնաբանը միաժամանակ անդրադարձել է Եվրամիություն-Հայաստան ռազմավարական համագործակցության համաձայնագրին և կրկնել Ադրբեջանի ԱԳՆ «մեկնաբանությունների» թեզը, որ Եվրամիությունը «խոչընդտում է հայ-ադրբեջանական կարգավորմանը»:
Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն, մերժելով Զելենսկի-Ալիև հանդիպումը, որի կազմակերպման մասին Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը դեռևս հոկտեմբերին է խոսել, ուկրաինական կարգավորման հարցում պաշտպանում է ԱՄՆ նախագահի ներկայացրած առաջարկությունները:
Մեծ հաշվով, իհարկե, Իլհամ Ալիևը ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին ոչ մի կողմից միջամտելու իրական գործիքակազմ չունի, բայց նրա քաղաքական կեցվածքը Վաշինգտոնում կարող է «ըստ արժանվույն» գնահատվել:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Թրամփ-Փաշինյան-Ալիև հայտարարությունը կանխորոշում է, որ կոմունիկացիաների գործարկումը կամ նորերի ստեղծումը տեղի է ունենալու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների ներքո:
Քաղաքական համաձայնությունը և գործնական կիրառումը, սակայն, պահանջում է հետևողական ջանքեր, ամենօրյա դիվանագիտական աշխատանք: Սյունիքի հարավում սահմանազատում իրականացնելու անհրաժեշտությունն ավելի է առարկայանում:






Բաց մի թողեք
ԵՄ-ն վերջապես կոշտ խաղ է սկսում. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. «Մեր այժմ կայացվող որոշումները կձևավորեն Եվրոպայի ապագան»
Ի՞նչ կա այնտեղ, և ինչո՞ւ է Մոսկվան այդքան ցանկանում վերահսկողություն հաստատել ամբողջ տարածքի նկատմամբ
Վրաստանի ներկայության ֆոնին Հայաստանի բացակայությունը բավական ակնառու և խորհրդանշական է