Կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը խոսել է Հայաստանում և Կենտրոնական Ասիայում հատուկ ռազմական գործողության անհրաժեշտությունից:
Հունվարի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոքի նոտա է փոխանցվել: Կենտրոնական Ասիայի երկրները դեռևս Սոլովյովի հայտարարությանը չեն արձագանքել:
Լրատվամիջոցները հայտնել են անցյալ շաբաթավերջին Ուզբեկստանի նախագահ Միրզիևեի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության մասին, որտեղ քննարկվել է «ռուսական ծագման ռազմական եզրույթներն ուզբեկերեն համարժեքներով փոխարինելու» հարցը:
Ըստ տեղեկատվության՝ Ուզբեկստանում այդ նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության և Պատմության ու ժողովրդագրության ինստիտուտի փորձառու մասնագետները:
Կայացվել է առաջարկվող ավելի քան քառասուն եզրույթների ուզբեկերեն համարժեքները հրապարակելու և հանրային քննարկում կազմակերպելու որոշում: Փաստն ինքնին չափազանց խոսուն է, նախկին խորհրդային երկիրը, որ ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրեր է ստորագրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, մտադրված է զինվորական կոչումների ռուսական անվանումները փոխարինել ուզբեկերեն համարժեքներով: Պետք է ենթադրել, որ Տաշքենդում հիմք են ընդունելու թուրքական տարբերակները:
Նույն օրը Ղազախստանի նախագահ Տոկաևն էլ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել և հրահանգել, որ նոր խորհրդարանի կարգավիճակի հայեցակարգի մշակումն արագացվի։ Այդ մասին հաղորդել է նրա աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ղազախստանը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի: Ներկայումս Ղազախստանի խորհրդարանն ունի ստորին և վերին պալատ: Տոկաևը դեռևս նախագահի պաշտոնն ստանձնելիս է խոսել «միապալատ ներկայացուցչական մարմին ունենալու անհրաժեշտության» մասին:
Ղազախստանը սահմանադրությամբ կարող է փոխել նաև երկրի վարչատարածքային բաժանումը, որ ժառանգել է խորհրդային ժամանակներից: Ներկայումս Ղազախստանը բաժանված է մարզերի, երկրի հյուսիսում բնակչության զգալի մասը ռուս կամ ռուսախոս է:
Ռուսաստանից վերջին երկու-երեք տարիներին մի քանի անգամ հիշեցրել են, որ այդ տարածքները ժամանակին «նվիրվել են նորակազմ Ղազախական ԽՍՀ-ին»:
Ըստ էության, Ղազախստանի սահմանադրական փոփոխությունները հետապնդում են խորհրդային ժառանգությունը հաղթահարելու և ազգային ինքնությունը պետականորեն վերահաստատելու նպատակ:
Դիտարժան է, որ անցյալ տարի Ղազախստանը նաև «Տեղական պաշտպանության զորքերի մասին» օրենք է ընդունել:

Բաց մի թողեք
Մոջթաբա Խամենեին կարտոնի՞ այդ ուղեգծի գործնականացումը, Թեհրանը վա-բանկ կգնա՞
Պուտինը ձգտում է Ալիևի հետ հարաբերությունները վերադարձնել «փոխադարձության մակարդակի»
«Երևանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի թիրախ կդառնա՞» սադրիչ հարցադրում