17/04/2026

EU – Armenia

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ. Տեսանյութ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը այսօր անցկացված ասուլիսի ընթացքում ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։

Ըստ այդ փոփոխությունների՝ խորհրդարան անցնելու կուսակցությունների շեմը նվազեցվել է 4 տոկոսի, իսկ դաշինքների անցողիկ շեմը բարձրացել է՝ դառնալով 8 տոկոս՝ մինչև 3 կուսակցություն ունեցող դաշինքների համար, և 10 տոկոս՝ 3 և ավելի կուսակցություն ընդգրկող դաշինքների համար։

Միաժամանակ փոխվել է գրավի չափը. կուսակցությունների համար այն նվազեցվել է 10 մլն-ից 7.5 մլն-ի, իսկ դաշինքների դեպքում սահմանվել է 15 մլն։ Հովակիմյանի խոսքով, սա նպատակ ունի խթանել քաղաքական ուժերի միավորումը և խոշորացումը, որպեսզի գաղափարակից կուսակցությունները միավորվեն՝ ստեղծելով ավելի ամուր քաղաքական միավորներ։ Նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալները տրամադրվում են ԿԸՀ-ի կողմից, ինչը հնարավորություն է տալիս հեշտ հաղորդակցվել նրանց հետ, իսկ օրենսդրական փոփոխությունները նպաստում են քաղաքական ուժերի կենտրոնացմանը և ընտրությունների որակի բարելավմանը։

Հովակիմյանը նաև ներկայացրել է կոալիցիաների կազմավորման նոր կարգավորումները։ Օրենքը նախկինում արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից կազմված կոալիցիաների ձևավորումը, սակայն այս արգելքը հանվել է։ Այժմ առավել ձայն ստացած քաղաքական ուժին տրվում է 9-օրյա ժամկետը կոալիցիա կազմելու համար, իսկ եթե նա դա չի կարողանում անել, ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա կազմելու նպատակով։ Նա վկայակոչել է Գյումրու օրինակ, երբ շեմը հաղթահարած կուսակցությունները միավորվել էին և ձևավորել կոալիցիա, իսկ առավելագույն ձայն ստացած ուժը դուրս էր մնացել։ Նոր կարգավորումները ԱԺ-ի կազմավորման ժամանակ ևս կիրառելի են։

Փետրվարի 7-ից ուժի մեջ մտած ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներառում են նաև լրացուցիչ մանդատների, կամ բոնուսների ինստիտուտը։ Նախկինում այդ շեմը 54 տոկոս էր, իսկ նոր փոփոխությամբ իջեցվել է 52 տոկոսի։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ասուլիսում պարզաբանեց, որ լրացուցիչ մանդատներ կարող է ստանալ միայն այն քաղաքական ուժը, որն ունի մանդատների մեծամասնություն։ Եթե ոչ մի ուժ չունի մեծամասնություն, ապա բոնուսներ չեն տրամադրվում։ Իսկ եթե ուժը ունի մեծամասնություն, բայց դրա մասնակցությունը կազմում է 52%-ից պակաս, օրենսգիրքը նախատեսում է լրացուցիչ մանդատներ տալ շեմը լրացնելու համար։

Նախկինում 54 տոկոսի շեմի նպատակն էր ապահովել, որ ազգային փոքրամասնությունները խորհրդարանում չհայտնվեն քաղաքական կախվածության մեջ, երբ քաղաքական մեծամասնությունը սահմանափակ էր։ Լրացուցիչ մանդատների ինստիտուտը ստեղծվել է՝ ազգային փոքրամասնություններին քաղաքական բախումներից հեռու պահելու համար։

Նոր փոփոխություններից մեկն առնչվում է մանդատների բաշխմանը: նախկինում, եթե որևէ քաղաքական ուժի ձայները 2/3-ից պակաս էին, բայց մանդատները գերազանցում էին 2/3-ը, լրացուցիչ մանդատներ բաժանվում էին 1/3-ից պակաս ձայն ստացած ուժերին, որպեսզի պահպանվի 1/3-ը։ Նոր կարգավորման դեպքում, եթե քաղաքական ուժի ձայները 2/3-ից պակաս են, բայց մանդատները գերազանցում են 2/3-ը, այդ մանդատները կբաշխվեն առավելագույն ձայն ստացած, բայց շեմը չհաղթահարած ուժերի միջև, մեկը մեկի սկզբունքով, մինչև մանդատները սպառվեն։

Վահագն Հովակիմյանը նաև ընդգծեց, որ եթե որևէ ուժ հավաքի 2/3-ից ավելի ձայն, մանդատների թիվը չի փոխվի և լրացուցիչ մանդատներ չեն տրվի։