Թուրքիայի Ազգային մեծ ժողովը դռնփակ նիստ է գումարել և քննարկել Իրանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը, որի տեղեկություններով՝ պատգամավորների համար պարզաբանումներով հանդես են եկել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը:
Ըստ պարբերականի, դռնփակ նիստն աշխատանքները կվերսկսի մարտի 11-ին, ժամը 14:00-ին: Այլ տեղեկություն հայտնի չէ:
Թուրքիայի խորհրդարանում Իրանի շուրջ իրավիճակի հարցով դռնփակ քննարկումները վկայում են խնդրի նկատմամբ Անկարայի բացառիկ զգայունության մասին: Իրանա-ամերիկյան բանակցությունների փուլում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է միջնորդություն ստանձնել, բայց հաջողության չի հասել: Թուրքիան թեև ՆԱՏՕ-ի անդամ և Մերջավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակից է, բայց Իրանի դեմ հարվածներին չի միացել:
Անցած օրերին Թուրքիան երկու անգամ Իրանից «հարձակման է ենթարկվել»: Իրանի նախագահ Փեզեշքիանը Էրդողանի հետ հեռախոսազրույցում ժխտել է իր երկրի տարածքից Թուրքիայի ուղղությամբ ԱԹՍ և հրթիռ արձակելու «փաստերը»: Թուրքիան երկու դեպքում էլ հայտարարել է, որ իրեն «պատասխան քայլերի դիմելու իրավունք է վերապահում», բայց որևէ գործողություն չի ձեռնարկել:
Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանի հետ սահմանին «ամրաշինական աշխատանքներ են կատարվում»: Այլ աղբյուրներ չեն բացառել, որ Թուրքիան «փախստականների հոսքը կանխելու պատրվակով կարող է Իրանում բուֆերային գոտի ստեղծել»:
Վերջին մի քանի օրերին համառ լուրեր են տարածվել, որ ԱՄՆ վարչակազմը «շփումներ է հաստատել Իրաքի քրդական կազմավորումների հետ, որպեսզի նրանք Իրանում հակակառավարական գործողություններ սկսեն»:
Խորհրդարանում Իրանի շուրջ իրավիճակին նվիրված դռնփակ քննարկումը, կարծես, Թուրքիայի կողմից հավանական ռազմագործողության քաղաքական «հիմնավորում» է: Անկարան վերջին մի քանի տարիներին բազմիցս Իսրայելին մեղադրել է տարածքային հավակնությունների մեջ: Իր հերթին Իսրայելը Թուրքիային վերագրել է «օսմանյան ժառանգության վերականգնման քաղաքականություն»:
Իրանի դեմ հարձակումից երկու օր առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ տարածաշրջանում շիադավան «չարիքի առանցքի փոխարեն սուննի չարիքի առանցքի ստեղծումն անթույլատրելի» է: Նա ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիային, որ ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ:
Ի՞նչ զարգացումներ և հավանական սցենարներ են կանխատեսվում Թուրքիայում՝ կապված իրանական պատերազմի հետ: Նվազ հավանական է թվում, որ Թուրքիան միանա հակաիրանական դաշինքին: Չի բացառված, սակայն, որ Թուրքիան կարող է Իրանի քրդաբնակ շրջաններում «հատուկ գործողություն իրականացնել»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը