30/04/2026

EU – Armenia

Թե բա՝ Պուտինը Ալիևին չափազանց կարևոր տեղեկություն է փոխանցել, Հայաստանի հարցո՞ւմ

Մարտի 11-ին կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության, Պուտինը «երախտագիտություն է հայտնել» Ալիևին Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման և Իրան Ռուսաստանի մարդասիրական օգնության առաքմանը աջակցելու համար:

Ադրբեջանական կողմն այնուհետև ընդգծել է, որ «առաջնորդները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի ընթացիկ վիճակի կապակցությամբ և հանդես եկել կրակի շուտափույթ դադարեցման և առկա սուր հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին»:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության տեքստում տեղ է գտել ձեւակերպում, որ, թերեւս, Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ամենաէական ընգծումն է. «Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները շոշափել են երկկողմ օրակարգի մի քանի ասպեկտներ:

Վերահաստատվել է ռազմավարական համագործակցության և դաշնակցության սկզբունքներով մի քանի ոլորտներում ռուս-ադրբեջանական փոխգործակցության զարգացման փոխադարձ պատրաստակամությունը»:

Ոչ ավելի, քան երկու շաբաթ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հրապարակայնացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները:

Խոսքն առաջին հերթին նախանցյալ տարեվերջին Գրոզնիի երկնքում ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման «մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու» մասին է:

Բայրամովն, ընդսմին, առաջին անգամ բաց տեքստով ասել է, որ ինքնաթիռը «խորտակվել է ՌԴ զինվորականների մեղքով կամ նրանց սխալի պատճառով»:

Այս իրավիճակում խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցության սկզբունքով մի քանի ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ պատրաստակամության մասին, միայն մի բան է նշանակում. Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին չափազանց կարևոր տեղեկություն է փոխանցել:

Պետք է, թերևս, կարևորել, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը կայացել է մի իրավիճակում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է միջուկային էներգիայի հարցերով խորհրդաժողովի, որի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է սպառազինությունների և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ:

Նույն օրը «Նեզավիսիմայա գազետան» գրել է, որ Հայաստանում մոդուլային աէկ-ի կառուցման նախագծին Թուրքիան, գուցե, հրապարակային դեմ չարտահայտվի, բայց Ադրբեջանը կարող է «մտահոգված լինել սեյսավտանգ տարածքում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ներդրման հեռանկարով»:

Ռուսաստանյան պարբերականն, ընդսմին, թույլ է տվել «տեղեկատվական արտահոսք անել», թե «այդ մոդուլային ռեակտորներում օգտագործված ուրանի մնացորդները պահվելու են Հայաստանի տարածքում»: Այդ թեմա՞ն են հատկապես քննարկել Պուտինը և Ալիևը: