Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված պայմանագիրը Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է 2025թ. օգոստոսի 11-ին:
Այդ փաստաթուղթն այսօր էլ համացանցում հասանելի է, բայց ինչպես նախկինում, այնպես էլ խորհրդարանական ընտրապայքարի փաստացի մեկնարկի այս փուլում, ոչ ոք պայմանագրի նախաբանի և տասնյոթ հոդվածների մասնագիտական վերլուծություն այդպես էլ չի կատարել:
Հայաստանի ընդդիմությունը և նրա հետ աֆիլացված քաղաքագիտական ու լրագրողական շրջանակները, սակայն, շարունակում են պնդել, որ դա «պարտադրված խաղաղություն» է, իշխանափոխության դեպքում «հնարավոր է այն վերաբանակցել» և Ադրբեջանի հետ «հաստատել արժանապատիվ և ուժեղ խաղաղություն»:
Նախաստորագրված պայմանագրի բոլոր հոդվածներն, իհարկե, կարևոր են, բայց փաստաթղթի բուն կարևորությունը նրանում է, որ կողմերը հաստատում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունների միջև «սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից»:
Ըստ այդմ, Հայաստանը և Ադրբեջանը «ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»:
Երկրորդ հոդվածով կողմերը հաստատել են, որ միմյանց նկատմամբ «չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի»: Փաստաթղթի վեցերորդ հոդվածով կողմերը պարտավորվում են առաջին հոդվածի հիմքով «բարեխիղճ բանակցություններ վարել պետական սահմանի սահմազատման և սահմանագծման մասին համաձայնագիր կնքելու համար»:
Ընդ որում, հատուկ ընդգծված է, որ սահմանազատման և սահմանագծման բանակցությունները կընթանան կողմերի համապատասխան հանձնաժողովների միջև՝ համաձայն «Հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի»:
Իրավական այս ձևակերպումներում ո՞րն է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված «պարտադրանքը», եթե Հայաստանի միակողմանի որևէ պարտավորություն ինչպես նշված, այնպես էլ նախաստորագրված պայմանագրի մյուս բոլոր հոդվածներում ամրագրված չէ:
Պայմանագրի բուն էությունը այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ճանաչում են որպես ՀԽՍՀ-ի և Ադր.ԽՍՀ-ի իրավահաջորդներ՝ ինչպես միջազգային հանրությունը ճանաչել է նրանց անկախությունը, ինչպես որ երկու երկրները Միավորված ազգերի կազմակերպության անդամ են դարձել:
Իհարկե, շատ ցավալի է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության կորստից և նրա հայ բնակչության լիակատար բռնատեղահանությունից հետո:
Եվ եթե ընդդիմությունը Ադրբեջանի հետ «արժանապատիվ և ուժեղ խաղաղություն» ասելիս նկատի է ունենում, որ նախաստորագրված պայմանագիրը «վերաբանակցելու դեպքում կարող է այդ հարցում ձեռքբերում ունենալ», ապա դա արդեն այլ «նոտա» է:
Այդ դեպքում նա պետք է պատրաստ լինի, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերադառնալու են նախավաշինգտոնյան մակարդակին և հռետորաբանությանը:
Ընդ որում, Հայաստանը այդ հարցում ոչ միայն միջազգային, այլև որևէ առանձին երկրի աջակցությունը չի ունենալու: Տրվել գայթակղության, թե Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները «քարագիր» են, նշանակում է կրկնել անցյալի ճակատագրական սխալը, երբ Հայաստանը գրեթե քառորդ դար վստահ էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները «նոր պատերազմ թույլ չեն տա»:
Հատկապես Իրանի շուրջ իրավիճակում խաղաղության միակ հուսալի երաշխիքը Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումն է:

Բաց մի թողեք
Մեկ հարց․ Երեւանը փող է վերցնում Բրյուսելից, բայց հրամաններ է ստանում Մոսկվայից․ Տիգրան Խզմալյան
Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը
Մեկ հարց․ Փաշինյանի «խաղաղությունը»՝ պատերազմ է և պարտություն․ Տիգրան Խզմալյան