26/03/2026

EU – Armenia

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

«Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ կարծիք է հարցնում՝ արժե՞ հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել:

«Ընդհանրապես զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ չընկալեն դա որպես խաղաղության օրակարգից հրաժարում:

Նաև հիշում եք, որ ես հայտարարել էի, որ այն քաղաքացիների խմբերը, որոնք ուզում են տեսնել, հրավիրում եմ, որպեսզի ցուցադրություն անենք, և քաղաքացիների այնքան մեծ թիվ է հերթագրվել, որ իրատեսական չէ, որ մարդկանց հերթով, խմբերով տանենք և ցույց տանք:

Էլ չեմ ասում, որ եթե այդքան մարդ եկավ, տեսավ, նշանակում է, որ լուրերով շեղված տարածվելու է այդ ինֆորմացիան: Դրա համար ավելի լավ է՝ ցույց տանք և Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցույց կտանք: Կարծում եմ, որ դա ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»: