Նրանց առաջնորդները մեռած են: Նրանց գերագույն առաջնորդը չկա: Նա մեռած է: Նրա որդին կամ մեռած է, կամ գտնվում է շատ ծանր վիճակում, որովհետև նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:
Մարտի 28-ին Ֆլորիդայում Սաուդյան Արաբիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Իրանի մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հավելել, որ «Իրանը միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում ղեկավար լինել, չկա մեկը, որ Իրանը առաջնորդելու ցանկություն ունի»:
Թրամփը միաժամանակ Սաուդյան Արաբիային և տարածաշրջանի մյուս երկրներին կոչ է արել միանալ «Աբրահամյան համաձայնություններին» և կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները:
ԱՄՆ նախագահի հայտարարություններում իրականությո՞ւնն է գերիշխում, թե՞ քարոզչությունը, շատ դժվար է «սահմանագիծ անցկացնել»: Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանի «սահմաններին ամերիկյան երրորդ ավիակիրն է մոտենում»:
Միաժամանակ տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ-ը «ցամաքային ռազմագործողություն է նախապատրաստում, որպեսզի գրավի իրանական Խարգ կղզին»: Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Միացյալ Նահանգները «ծրագրում է գրավել Հորմուզի նեղուցի իրանական ողջ առափնյակը, որպեսզի վերականգնի նավագնացությունը»:
Միաժամանակ չեն դադարում տեղեկատվական «արտահոսքերը», որ «նախապատրաստվում են իրանա-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ»: Իսրայելական մամուլին «հայտնի է դարձել, որ Պակիստանի խնդրանքով ԱՄՆ-ը և Իսրայելը ոչնչացման ենթակա իրանցի պաշտոնյաների ցուցակից ժամանակավորապես դուրս են թողել արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի և խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի անունները»:
Այս համապատկերին Բաքվի իշխանական haqqin.az-ի Ստամբուլի թղթակիցը, հղելով Թուրքիայի «անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյային», սենսացիոն տեղեկություն է տարածել:
Ըստ այդմ, Հորմուզի նեղուցի իրանական առափնյակը գրավելու ամերիկյան ծրագրի մասին տարածված լուրերը «ուշադրություն շեղելու համար են, իրականում Միացյալ Նահանգները մշակում է Սպահանի ուղղությամբ խորքային թափանցում իրականացնելու բացառիկ ռազմագործողություն»:
Թուրքական աղբյուրը մանրամասնել է, որ Իրանի հարստացված ուրանի «պաշարները պահվում են Սպահանի մերձակա ստորգետնյա պահեստարաններում, որ օդային և հրթիռային հարվածների միջոցով ոչնչացնել հնարավոր չէ, մնում է իրականացնել ցամաքային ռազմագործողություն, որի նպատակը ոչ թե տարածքի, այլ հարստացված ուրանի պաշարների բռնագրավումը և Իրանի տարածքից դուրսբերումն» է:
Եթե այս տեղեկությունը առնվազն մոտ է իրականությանը, ապա պետք է ենթադրել, որ Իրանը «շատ մոտ է միջուկային զենք ունենալուն», և դա այն «հաղթաթուղթն» է, որ պաշտոնական Թեհրանը Միացյալ Նահանգներին «միջնորդների միջոցով ներկայացրել» է:
ԱՄՆ նախագահը սաուդցիներին և տարածաշրջանի արաբական մյուս երկրներին «կշտամբել» է, որ կարծում էին, թե Իրանը կհարվածի միայն Իսրայելին, մինչդեռ իրենք դարձան թիրախ:
Խնդիրն այն է, որ Իրանի Պարսից ծոցի երկրների տարածքում թիրախավորել է ամերիկյան ռազմահենակայանները և կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները: Վաշինգտոնի համար, երևում է, շատ բարդ է արաբական երկրներին համոզել, որ Իրանը «տարածաշրջանի չարիքն» է:
Ամենահամոզիչ փաստարկը, երեւի, այն կլինի, որ Իրանը «կեղտոտ միջուկային զենք ունի, որ կարող է կիրառել ոչ միայն Իսրայելի, այլեւ արաբական երկրների դեմ»: Ըստ վերջին տեղեկությունների, ԱՄՆ նախագահը Իրանին «որոշում կայացնելու համար ևս տասնօրյա ժամանակ է հատկացրել»:
Այդ ընթացքում իսրայելա-ամերիկյան հատուկ նշանակության զորախումբը կմտնի Սպահա՞ն:

Բաց մի թողեք
Լավրովի ախորժակն էլ ուտելիս է բացվում, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին
Նեթանյահուին շոկի են ենթարկել Լիբանանին հարվածելու արգելքի մասին Թրամփի խոսքերը. Axios
Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները