27/04/2026

EU – Armenia

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի միջև «երաշխավոր լինելու» նպատակադրվածություն չունի

Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան դեմ առ դեմ և կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների մասին որևէ կոնկրետ եզրակացության համար, իհարկե, դեռևս ժամանակ կպահանջվի:

Փաստը, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին նախագահի օգնական Ուշակովը, փոխվարչապետ Օվերչուկը, արտաքին գործերի նախարար Լավրովը, «Ռոսատոմի» և «Ռուսաստանյան երկաթուղիների» գլխավոր տնօրեններ Լիխաչևը և Բելոզերովը, ինչպես նաև Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Շուգաևը, վկայում է, որ բանակցություններն առարկայական էին և ավելին արժեն, քան այն, ինչ Պուտինը և Փաշինյանը հրապարակային հնչեցրել են:

Այդուհանդերձ, խիստ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկումը, ըստ որի կողմերը «հարաբերությունների ամրապնդման հետագա միջոցներ փնտրեն, որպեսզի հակամարտությանը վերջ տան»:

Ինչպես հայտնի է, մինջև բոլորովին վերջերս պաշտոնական Մոսկվան պնդում էր, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման «հիմք շարունակում են մնալ եռակողմ հայտարարությունները»՝ նկատի ունենալով զինադադարի մասին և հետագայում Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով ընդունված ևս երկու հայտարարությունները:

Ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը պաշտոնապես փակել է այդ խոսույթը՝ շեշտելով, որ հակամարտությանը վերջ տալու համար Հայաստանը և Ադրբեջանը իրենք պետք է հետագա միջոցներ գտնեն:

Նույն տեղում նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների հաստատմանը ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»: Այսպիսով Վլադիմիր Պուտինը ճանաչել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունները:

Հայաստանի ընդդիմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և խաղաղության հաստատման հնարավորությունը կապում է «երաշխավորի ինստիտուտի» հետ: Ռուսաստանի նախագահը ապրիլի մեկին ի լուր միջազգային հանրության հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «երաշխավոր լինելու» նպատակադրվածություն չունի:

Կարելի է ենթադրել, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատմանը Միացյալ Նահանգների նախագահի ակտիվ մասնակցությունը արդեն իսկ գնահատում է որպես երաշխիք:

Քաղաքական այս արձանագրումը, թերևս, Պուտին-Փաշինյան բանակցությունների ամենակարևոր արդյունքն է: Այն ազդակ է ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Հայաստանի ընդդիմությանը:

Մոսկվան այդպիսով նաև պարտավորվում է աջակցություն չցուցաբերել քաղաքական այն ուժերին, որ Հայաստանում հանդես են գալիս Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը «վերաբանակցելու» և «ուժեղ խաղաղություն» հաստատելու նախընտրական քարոզչությամբ: