17/04/2026

EU – Armenia

Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի հարցում ռուս-ամերիկյան ինչ-որ համաձայնությո՞ւն կա

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեղինակային հոդվածում խոստովանել է, որ ռուսերեն լեզվին չի տիրապետում:

Նա պատմել է իշխանափոխությունից հետո Մոսկվա իր առաջին այցի, ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ բանակցությունների մասին, որի մեկնարկին վերջինս շատ պարզորոշ հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու նախապայմանը մնում է ուժի մեջ: Դա, սակայն, չի խանգարել, որ հետագա տասը տարիներին զբաղվի «դիվանագիտական ալքիմիայով»:

Հայտնի չէ, թե ո՞վ է Օսկանյանի համար թարգմանել Պուտին-Փաշինյան բանակցությունների մասին Կրեմլի մամուլի ծառայության տարածած տեսանյութերը, բայց նա ֆեյսբուքյան գրառում է կատարել և «բացահայտել», որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին «հիշեցրել է, թե ինչ կորուստներ է ունեցել և դեռ ինչ կարող է կորցնել»:

Հայաստանի ընդդիմության մասին Վլադիմիր Պուտինի հրապարակային խոսքից հետո Օսկանյանի այս դիտարկումը նման է, ինչպես ռուսներն են ասում՝ «հիվանդ գլխից առողջին բարդելուն»:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Պուտին-Փաշինյան բանակցությունները «անամպ» էին:

Ամենևին: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնացրել է, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ տարաձայնություններ կան, կողմերը ներկայացրել են իրենց պատկերացումները, ձեռք է բերվել քննարկումները շարունակելու պայմանավորվածություն:

Փաշինյանը պարզաբանել է, որ հայկական երկաթուղիների ռուսաստանյան կոնցեսիոն կառավարումը սահմանափակում է Հայաստանի առավելությունը:

Ասվածից կարելի է հասկանալ, որ Հայաստանի տարածքով գլոբալ նշանակության բեռնափոխադրումների շահառու երկրները հայկական երկաթուղիների ռուսաստանյան կոնցեսիոն կառավարումը խոչընդոտ են համարում: Եվ եթե այն չհաղթահարվի, ապա, որքանով հասկացվում է, TRIPP նախագիծը Հայաստանի տարածքում հետագա զարգացում չի ունենա:

Ի՞նչ լուծում կարող է գտնվել, ցույց կտա ժամանակը: Հայաստանի վարչապետը, համենայն դեպս, հավաստիացրել է, որ այդ հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն:

Հայաստանի համար չափազանց կարևոր այս հարցը կարելի՞ է ներկայացնել որպես Ռուսաստանի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին «նոր կորուստների մասին արված զգուշացում»: Կարելի է, եթե քաղաքական գործչի և նրա համակիրների կամ հովանավորների միակ ցանկությունն է, որ TRIPP նախագիծը, նրա հետ էլ Հայաստան – Ադրբեջան կարգավորման գործընթացը ձախողվի:

Բայց չէ՞ որ Վլադիմիր Պուտինը շատ հասկանալի լեզվով ասել է, որ Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների հաստատման գործընթացում ակտիվ դերակատարություն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դրանից չի հետևո՞ւմ, որ Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի հարցում ռուս-ամերիկյան ինչ-որ համաձայնությո՞ւն կա: Եվ, հավանաբար, հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումներն էլ ներգրվում են Պուտին-Թրամփ «ընդհանուր ընկալումներին»: