«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտող իշխանությունների պայմաններում արդար ընտրություններ չեն կարող լինել։ Իսկ ընտրությունները, եթե արդար չեն, ուրեմն վերջ, դրանք անիմաստ են»,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին, երբ ՔՊ-ն «հեղափոխություն» արեց՝ «մերժիր Սերժին», դրանով իրենք մերժեցին նաև գործող Սահմանադրությունը. «Մարտ ամսին հայտարարեցին՝ կավարտենք Սահմանադրության նոր նախագծի պատրաստումը։ Ընդամենը նստած արտագրում էին տարբեր Սահմանադրություններից դրույթներ, բայց անփոփոխ էին թողել պետական համակարգը փոխելու մասը»։
Հայրիկյանը նաև նկատեց, որ վարչապետի իրավասությունների մեջ չի մտնում նոր Սահմանադրություն նախաձեռնելու գործը. «Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ վերջին գրության մեջ ասված է՝ ավելի լավ կլինի, կամավոր գնաս, հանձնվես, իշխանության չարաշահման մեջ ինքնախոստովանություն կատարես ու քիչ տարիների ազատազրկման դատապարտվես կամ մեղմ պատժի արժանանաս»։
Հայրիկյանը հրավիրել էր նաև այլ քաղաքական ուժերի, սակայն, ինչպես միշտ, միայն ԱԻՄ-ականներն էին հավաքվել։ Լրագրողներից մեկը Հայրիկյանից հետաքրքրվեց՝ ինչու են սակավաթիվ, ինչու իրենց ոչ մեկը չի միացել, արդյոք դա նշանակում է, որ իրենց լուրջ չեն վերաբերում։ Հայրիկյանը պատասխանեց. «Այսօր մենք շատ ենք։ Անկախության պայքարը սկսելիս հինգ հոգի էինք։ Ես աշխատելու պատրաստ եմ, բայց ոչ աթոռի համար։ Աթոռասատկածներ լիքը կան։ Նա, ով ուզում է տգետ երևալ, հանգիստ կարող է ասել՝ Հայրիկյանին լուրջ չեմ վերաբերում։ Այսօր մենք եկանք վերջին նախազգուշացման, սա վերջին նախազգուշացումն էր, ուղղված է նաև քաղաքական ուժերին։ Կուսակցությունների մասին օրենքը խախտվում է, այն օրենքը, որով դուք ընտրության եք գնալու։ Որևէ քայլ չեք անում, անում եմ բոլորիդ փոխարեն, էդ ի՞նչ լուրջ գործով եք զբաղված, որ չեք եկել»։
Հայրիկյանը, դիմելով քաղաքական ուժերին, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իրենցից 10 գլուխ բարձր է, որովհետև. «Դուք խաղում եք հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, Նիկոլի դաշնակիցներ»։

Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»