Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքը հարձակման է ենթարկվել: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը «վերջին երկուսուկես տարում չի գործել, հարձակման պահին այնտեղ իսրայելցի դիվանագետներ չեն եղել»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է հարձակումը և այն որակել «ստոր սադրանք»: Էրդողանը հայտարարել է, որ երեք գրոհայիններից մեկը «սպանված է, երկուսը՝ վիրավոր»: Փոխհրաձգության ընթացքում վիրավորում է ստացել նաև երեք թուրք ոստիկան:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախնական վարկածի համաձայն՝ հարձակում են գործել «կրոնական ծայրահեղ հայացնքեր ունեցող խմբավորման անդամները»: Ավելի ուշ թուրքական մամուլը գրել է, որ Իսրայելի գլխավոր հյուպատոսության դեմ հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն» կազմակերպության ներկայացուցիչները:
Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության ներկայիս փուլում այդ միջադեպը քաղաքական ընդգծված ենթատեքստ է ստանում, թեև Իսրայելը պաշտոնական որևէ արձագանք դեռևս չի հնչեցրել:
Թուրք քաղաքագետ Հասան Օքթայը, որ գլխավորում է Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնը, կարծիք է հայտնել, որ միջադեպը կապված է Թուրքիայում գործող իսլամիստական խմբավորումների «խորքային ծրագրի հետ»:
Նա ասել է, որ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Թուրքիայում կան «հանրային խմբեր, որոնք ճանաչում են իսլամական կարգի առավելությունները և ձգտում են կառուցել Իրանի նմանությամբ պետություն»:
Թուրքիայում իսլամի քաղաքականացումը կապված է «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հետ: Վերջին մի քանի ելույթներում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն այն տեսլականն է ներշնչել, որ տարածաշրջանում «սիոնիստական ցանցը փորձում է նոր ստատուս-քվո սահմանել»:
Նա բազմիցս, այդ թվում՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում, շեշտել է, որ Երուսաղեմի «պատմական կարգավիճակի փոփոխությունը անթույլատրելի» է:
Այս համատեքստում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դեմ թուրք իսլամիստների հարձակումը լուրջ ահազանգ է: Իսրայելա-թուրքական լարվածությունը հղի է միջկրոնական և միջքաղաքակրթական դիմակայության սպառնալիքով:
Իշխող «Արդարություն և զարգացում» և նրա խորհրդարանական կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներքին քաղաքականությունը կառուցված է Թուրքիայում կրոնական համերաշխության գերակայության վրա:
Վերջին շրջանում նրանք բավական թափանցիկ քարոզում են տարածաշրջանային հոգևոր-քաղաքակրթական ընդհանրություն՝ ի հակակշիռ «սիոնիստական ցանցի հավակնությունների»: Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դեմ հարձակումը, ինչպես ասվեց, Էրդողանը որակել է «ստոր սադրանք»:
Բայց ո՞վ է «սադրանքի» հեղինակը՝ դեռեւս պարզ չէ, ինչպես նաև ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայում իսլամի քաղաքականացումը, իրոք, չի տանելու աշխարհիկ պետության վերափոխման:

Բաց մի թողեք
Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին
Ո՞րն է ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը
Իրանում իշխանությունը լիովին կանցնի ԻՀՊԿ-ին, և Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ դիմակայությունը կխորանա