18/04/2026

EU – Armenia

Թրամփի «ահեղ հռետորաբանությունը» միայն իրավիճակից հնարավորինս նվազ կորուստներով փրկվելու համար է

Այս գիշեր մի ողջ քաղաքակրթություն կկործանվի: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց ամենայն հավանականությամբ այդպես կլինի:

Բայց այժմ, երբ մենք ունենք վարչակազմի լիակատար և բացարձակ փոփոխություն, որտեղ գերիշխում են ավելի խելացի և նվազ արմատական ուղեղներ, հնարավոր է՝ տեղի ունենա հոյակապ և հեղափոխական ինչ-որ բան:

Ո՞վ գիտի: Մենք դա կիմանանք այս գիշեր: Իրանի շուրջ իրավիճակի հավանական հանգուցալուծման մասին անձնականսոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը Միացյալ Նահանգներին և Իրանին ներկայացրել են «կարգավորման փուլային ծրագիր»:

Այն ենթադրում է, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ը կհայտարարի կրակի դադարեցման մասին, որից հետո կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկեն համապարփակ կարգավորման սկզբունքները:

Turkiye իշխանամետ պարբերականի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իրանը պահանջել է ամերիկյան բանակցող թիմից հեռացնել Դոնալդ Թրամփի փեսա Ջերադ Քուշներին և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆին:

Թեհրանը հայտարարել է, որ «կբանակցի միայն փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «այդ պայմանը ընդունել» է:

Ե՞րբ և որտե՞ղ կարող են սկսվել իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունները, առայժմ ոչինչ հայտնի չէ: Ենթադրյալ բանակցությունների երկու վայր է նշվում՝ Ստամբուլ և Իսլամաբադ:

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ներկայումս գտնվում է Բուդապեշտում: Turkiye-ն հայտնել է, որ անցած գիշեր և օրվա ընթացքում արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի, Եգիպտոսի և Պակիստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների հետ:

Իրանա-ամերիկյան ենթադրյալ բանակցությունների նախապատրաստման հարցում Իսրայելը և Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ են: Ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և զգուշացրել, որ վարչապետ Նաթանյահուն իրավունք չունի երկիրը ևս մեկ անգամ «Իրանի դեմ վճռական հաղթանակի տանել»:

Ըստ Լիբերմանի, եթե Իրանում «այաթոլլաների իշխանությունը արմատապես չապամոնտաժվի, ապա հաջորդ փուլում Իսրայելի դեմ կանգնելու է ավելի ուժեղ և արդեն միջուկային զենք ունեցող Իրանը»:

Որքանով հասկացվում է, Իսրայելում «Իրանի ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխության» մասին ԱՄՆ նախագահի հավաստիացումներին հավատ չեն ընծայում: Մյուս կողմից պատերազմի երկարաձգումը Միացյալ Նահանգների համար բոլոր առումներով միայն վնասաբեր է:

Թրամփի «ահեղ հռետորաբանությունը» միայն իրավիճակից հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալու քաղաքականության քարոզչական ապահովում է:

Ավելի բարվոք չէ նաև Իրանի դրությունը, եթե ավելին չասվի: Երկիրն, իրոք, կանգնած է քաղաքակրթական կոլապսի նախաշեմին: Կողմերն, այդպիսով, կարծես, հասել են հակամարտության հագեցածության մի կետի, որտեղ կարող են ուղղակի պայմանավորվածությունների եզրեր գտնել:

Այլընտրանքը հղի է ողջ Մերձավոր Արևելքը «քարե դար վերադաձնելու» գլոբալ ճգնաժամի շոշափելի սպառնալիքով: Ուղերձի վերջում Դոնալդ Թրամփը Աստծուց Իրանի «հզոր ժողովրդի» համար Աստծո օրհնությունն է խնդրել: