«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ նա շեշտել է՝ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Հաջիևը հավելել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից, և ընդգծել, որ հակամարտությունն անցյալում է:
Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը վստահեցրել է, որ Հարավային Կովկասը մտել է խաղաղության փուլ։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսանկյունից և դրանում հատկապես մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանը. «Ադրբեջանը ցուցաբերել է առաջատար դեր այս գործընթացում, և հակամարտությունն այժմ անցյալի մաս է կազմում։ Մեր երկիրը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով»։
Ալիևի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։
Հիքմեթ Հաջիևի գնահատմամբ՝ 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանին պարտադրված արտաքին միջամտությամբ կարգավորման մոդելը անարդյունավետ է եղել, տարածաշրջանում իրական արդյունքների հնարավոր եղավ հասնել միայն տեղական պատասխանատվության և առաջնորդության միջոցով։
Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն, անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հաջիևը գերագնահատել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում իրենց դերը, քանի որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա Ադրբեջանը չէր կարողանա, ինչպես իրենք են ներկայացնում, «վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
«Հաջիևը, խոսելով իրենց տարածքային ամբողջականության վերականգնման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի դոմինանտ դերի մասին, մոռանում է այդ հարցում Նիկոլ Փաշինյանի դերակատրման մասին։ Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար, չի արել Ադրբեջանի որևէ ղեկավար։ Եթե ՀՀ ղեկավարը ուրիշ մարդ լիներ, Ադրբեջանը չէր կարողանա այն հաջողությունները գրանցել, որոնք այսօր ունի։ Ադրբեջանին հանձնվեց ավելին, քան նա օկուպացրել էր 44-օրյա պատերազմի հետևանքով։ Բազմաթիվ տարածքներ թե՛ Արցախի Հանրապետությունից, թե՛ Հայաստանի Հանրապետոությունից, առանց կրակոցների ու անգամ առանց բանակցությունների հանձնվեցին Ադրբեջանին։ Եթե նախկինում Ադրբեջանը հավակնում էր գոնե հինգ շրջաններին, ապա Փաշինյանի շնորհիվ նա օկուպացրեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքները, ամբողջ Արցախը»,- նշեց Կարապետյանը։
Հաջիևը խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 30 տարվա պատմությունից՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հեռավոր կենտրոններում հնարավոր չեղավ անել այն, ինչ արվեց առանց միջնորդների, երկու պետությունների անմիջական մասնակցությամբ։ Կարեն Կարապետյանն արձանագրում է, որ նույն խոսույթն օգտագործում է Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանն, իր շահը փորձելով գտնել հեռավոր կենտրոններում, չի կարողացել արցախյան խնդրին լուծում տալ, այնինչ ինքը կարողացավ վերջապես հարցը կարգավորել՝ հարևան երկրների հետ անմիջական պայմանավորվածություններ ձեռք բերելով և շրջանցելով միջնորդներին։ Փաշինյանը և իր թիմը հայտարարում են նաև, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը։ Որևէ երրորդ երկիր կամ կառույց չի կարող երկու երկրների միջև խաղաղության երաշխավոր լինել․ «Հաջիևը ևս փորձում է ստեղծել այն պատրանքը, թե մենք այսօր խաղաղության մեջ ենք աապրում և այն ձեռք է բերվել երկու երկրների անմիջական ջանքերով։ Խաղաղությունը միայն այն չէ, երբ լռում են զենքերը, խաղաղություն լինում է այն ժամանակ, երբ դադարում են պահանջները։ Իսկ այսօր Ադրբեջանի պահանջները չեն դադարում, ամեն հերթական պահանջի բավարարմանը մեկ այլ պահանջ է հաջորդում ու չկա որևէ երրորդ կողմ, որպեսզի սանձի նրա ախորժակը։ Ադրբեջանի կողմից հիմա կա ՀՀ սահմանդրությունը փոխելու, անկախության մասին հռչակագրին բոլոր հղումները սահմանադրությունից հանելու պարտադրանք, Ադրբեջանը գեներացնում է Արևմտյան Ադրբեջան գաղափարը և պահանջում, որ 300 000 ադրբեջանցի վերադառնա իբրև Հայաստանում իր պատմական հայրենիք՝ որպես ինքնավար համայնք։ Ոչ թե իրենց հայրերի տներ, որոնք լքել էին արցախյան շարժման հետևանքով, այլ վերադառնան Արևմտյան Ադրբեջան՝ իրենց պատմական հայրենիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի տարածքով ճանապարհ դեպի Նախիջևան՝ պայմանով, որ այդ ճանապարհին որևէ հայ չպետք է լինի, իրենց բեռնափոխադրումները հայկական կողմից չվերահսկվեն։ Նման պահանջներ են դրվում և դրվելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանը կդադարի սուբյեկտ լինելուց, կլինի տարածք, որտեղ հայեր են ապրում՝ իբրև ազգային փոքրամասնություն։ Այդ տեսանկյունից իրոք խաղաղության դարաշրջան է և զենքերով կրակելու իմաստ չկա։ Նույն սկզբունքով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախում խաղաղություն հաստատել. այնտեղ այլևս հայ բնակչություն չկա և զենքի օգտագործման անհրաժեշտություն էլ չկա։ Նույնը նաև Հայաստանում է փորձում իրագործել Ադրբեջանը՝ ՀՀ իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված»։
Այնուհանդերձ, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հնարավո՞ր է երբևէ խաղաղություն հաստատվի և մի պահանջի վրա կանգ առնի Ադրբեջանը՝ բավարարվելով Հայաստանի հաշվին ձեռք բերածով։ Կարեն Կարապետյանը անիրատեսական է համարում նման հանգուցալուծումը․ «Թուրքադրբեջանական ժողովուրդների մոտ միշտ է եղել ատելություն հայերի նկատմամբ։ Անգամ Խորհրդային Միության տարիներին։ Այն ժամանակ Ադրբեջանին հաջողվեց ամբողջությամբ հայաթափել Նախիջևանը։ Արցախի հայաթափումը Ադրբեջանի հաջորդ ծրագիրն էր, և եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, դա ևս կհաջողվեր անել։ ԽՍՀՄ տարիներին, երբ թվում էր՝ երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություներ էին, ինչպես ներկայացնում էր խորհրդային քարոզչությունը, այդ ատելությունը այդպես էլ ադրբեջանցիները չհաղթահարեցին։ Ապրիլի քսանչորսին Հայաստանի ադրբեջանական բնակավայրերում միշտ ուրախ միջոցառումներ էին կազմակերպում՝ հարսանիքներ, խնջույքներ, ինչն ազգամիջյան բախումներ էր առաջացնում։ Այսինքն՝ անգամ այն ժամանակ հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղություն չի եղել։ Հիշենք Օտտո ֆոն Բիսմարկի խոսքը՝ չկա մարդ, չկա պրոբլեմ։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ չլինի կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը։ Եթե Փաշինյանը վերարտադրվի առաջիկա ընտրություններում, վախենամ, որ Հայաստանում հայերն ազգային փոքրամասնություն կդառնան՝ աստիճանաբար վերանալու հեռանկարով»։

Բաց մի թողեք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է
Հավանական թիրախներ. Մոսկվան հրապարակում է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող եվրոպական ընկերությունների մասին տվյալներ