20/04/2026

EU – Armenia

Քառասունչորսօրյա պատերազմում հայկական զորքերը «Գերասիմո՞վն է կառավարել»

Ռուսաստանցի մեդիափորձագետ Արամ Գաբրելյանովը երկու օր առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակայնացրել, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում երկու անգամ Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Ըստ Գաբրելյանովի, երբ ինքը հետաքրքրվել է, թե «ո՞ւր է «Իսկանդերը», որտե՞ղ է Գրիգորի Խաչատուրովը», ինչո՞ւ նա «ուղղակի չի դիմում Գերասիմովին (ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին), Օնիկ Գասպարյանը պատասխանել է, որ Փաշինյանը «պաշտոնից ազատելու և ձերբակալելու սպառնալիքով արգելել է ռուսների հետ շփվել»:

Անհեթեթութունը, թե այդ դեպքում Օնիկ Գասպարյանը ինչպե՞ս և ինչո՞ւ էր պատերազմի թեժ օրերին երկու անգամ Մոսկվա այցելել, թողնենք մի կողմ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, երևի, Գաբրելյանովի գրառումը և դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների շահարկումները նկատի ունենալով, արձագանքել է և Ազգային ժողովում փակ քննարկումներ կազմակերպելու, իրականության հետ առերեսվելու առաջարկություն է արել:

Հետեւել է Արամ Գաբրելյանովի ֆեյսբուքյան ևս մեկ գրառում: «Օնիկ Գասպարյան, բոլոր քայլերը արձանագրված են: Եկեք չթաքնվենք թվացյալ գաղտնիությամբ: Ոչ թե հեքիաթներ պատմեք, այլ ասա՝ ինչ ինձ ես ասել. «Գերասիմովը կհրամայի՝ զորքերը դուրս կբերեմ»: Գերասիմո՞վն էր քո պատիվը պաշտպանում»:

Եթե Արամ Գաբրելյանովը գոնե մեղսունակ անձնավորություն է, ապա նրա այս գրառումը պարզապես տեղեկատվական ռումբ է և փաստացի վկայում է, որ քառասունչորսօրյա պատերազմում հայկական զորքերը կառավարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը: Միայն այդ դեպքում Օնիկ Գասպարյանը կարող էր ասել, որ եթե Գերասիմովը հրամայի, ինքը զորքերը դուրս կբերի:

Կրկնենք. այս եզրակացությունը կառուցված է Արամ Գաբրելյանովի մեղսունակության կանխավարկածի վրա, ինչը հիմնավորվում է նաև Ազգային ժողովում փակ քննարկումներից նրա խիստ անհանգստությամբ:

Ամենայն հավանականությամբ, Գաբրելյանովը ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմության մի հատվածին Օնիկ Գասպարյանի միջոցով թիրախավորելու խնդիր է փորձում լուծել, որ, ինչքանով հասկացվում է, ներգրվում է երկրորդ և երրորդ նախագահների քարոզչական թիմերի «փոխհրաձգության» համատեքստին:

Բայց տվյալ դեպքում ամենաէականը «Գերասիմովը կհրամայի, զորքերը դուրս կբերեմ»՝ Օնիկ Գասպարյանին վերագրվող խոսույթի խնդիրն է, որ բացահայտում է քառասունչորսօրյա պատերազմին Ռուսաստանի ուղղակի ներգրավվածությունը և ցրում «Պուտինը ցանկանում էր Հայաստանի համար նպաստավոր պայմաններով դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանը չհամաձայնեց» նարատիվը: