Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ հիշատակի արարողության մասնակիցներին: Այդ մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը:
Ովքե՞ր են կազմակերպել արարողությունները, պարզ չէ: Աչքի է զարնում նաև այն, որ Պուտինի այդ ուղերձի մասին Ռուսաստանի պետական երկու լրատվական գործակալությունները՝ ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին, տեղեկություն չեն տարածել:
Վլադիմիր Պուտինի ապրիլքսանչորսյան ուղերձի ամենակարևոր ընդգծումը, թերևս, այն է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում «միշտ անփոփոխ է եղել»: Պուտինը հիշեցրել է, որ «արդեն 1915թ. մայիսին այն իր արտացոլումն է գտել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ Հռչակագրում, որ դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ նոր փուլում՝ պետական դումայի… Հայտարարությամբ»:
Ռուսաստանի նախագահը, այսպիսով, «մոռացել» է, որ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իր կողմից հիշատակված Հռչակագրով պարտավորվել են պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի իշխանություններին կանգնեցնել դատարանի առջև և պատժել որպես ռազմական հանցագործների:
Իսկ դա տեղի չի ունեցել, քանի որ բոլշեւիկները հեղաշրջում են իրականացրել, դուրս եկել պատերազմից և Գերմանիայի ու Օսմանյան Թուրքիայի հետ սեպարատ հաշտություն կնքել:
Նախորդ տարիներին Ռուսաստանի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ նման ուղերձ չի հղել: Ամենայն հավանականությամբ, նա այս տարի էլ «հարյուր հազարավոր» հայերի սպանությունը և բռնատեղահանությունը չէր հիշի, եթե Հայաստանում նախընտրական շրջան չլիներ:
«Ի տարբերություն Հայաստանի արևմտյան գործընկերների, Ռուսաստանը չի վախենում «ցեղասպանություն» բառից, և մենք սոցցանցային գրառումները չենք ջնջում»,- Պուտինի ուղերձի հետքերով ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բաց մի թողեք
Անկարան Բաքվի «ուղղորդմանը» չի ենթարկվել
Նաթանյահուն կհաշտվի՞ Սիրիայի օդային տարածքը կորցնելու և թուրքական սպառնալիքի ներկայության հետ
Ինչո՞ւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին են հորդորում դուրս գալ ընտրապայքարից