Եվ այսպես. գլխավոր հարցը` գնա՞լ, թե՞ չգնալ ընտրության, ո՞րն է առավել ազնիվ` կատարել քաղաքացիական պարտքդ և մասնակցել մի պրոցեսի, որտեղ քո ազդեցությունը, քո դերակատարումը, իրականում, գրեթե չնչին է` մեկ ձայնի տեսքով, թե՞ մնալ տանը և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին:
Հրապարակ թերթը գրել է․ Ասեմ, որ ես միանգամայն հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ուզում մասնակցել քվեարկությանը` ոչ թե այն պատճառով, որ ծույլ են, այլ որովհետև հիասթափված են ընտրություն կոչվող գործընթացից, քանի որ հույս չունեն, որ իրենց ընտրած ուժը կգա իշխանության: Սա, ըստ էության, հերթական անգամ խաբվելուց խուսափելու ձգտում է:
Բայց եկեք արձանագրենք, որ ընտրությունն իր մեջ նաև ռիսկ է պարունակում, ընտրվողի դեպքում` շատ ավելի մեծ, ընտրողի դեպքում` շատ ավելի փոքր: Դա մի ձեռնարկ է, որն ինչքան հաջողելու, նույնքան էլ ձախողվելու հավանականություն ունի, ուստի պետք է հոգեբանորեն նաև պարտվելուն, ձախողվելուն պատրաստ լինել: Դե, պատկերացրեք` եթե դուք ձեր մի ձայնն եք դրել այդ «գործարքի» մեջ, ձախողվել ու հիասթափվել, ինչքա՜ն շատ բան է դրել այդ ամենի մեջ ձեր «ընտրյալը» և ինչքան ավելի մեծ ու ցավոտ է նրա հիասթափությունը: Ուստի ձախողված ուժերին քննադատելն այնքան էլ ազնիվ չէ, ու շատ նման է ընկածին խփելուն…
Ի վերջո, մեկ անգամ մենք պետք է կարողանանք, նաև վստահ եմ, որ կարող ենք ընտրական ճանապարհով իշխանություն փոխել երկրում` խզելով փողոցով իշխանափոխության արատավոր ավանդույթը:
Բացի այդ, 4-5 տարին մեկ քվեարկության գնալը ծանր գործ չէ և յուրաքանչյուր քաղաքացի դրան պետք է վերաբերվի որպես անխուսափելի պարտականություն, որպես հոգու պարտք, որպես իր երկրի կայացման գործին բերված փոքրիկ լումա: Դա պետք է նույնքան բնական ու պարտադիր լինի, որքան ամեն օր աշխատանքի գնալը, դրսում աղբ չթափելը, փողոցը կանաչ լույսի տակ անցնելը, մեծին հարգելը, փոքրին խնամելը և այլն, և այլն: Տեսեք` մարդիկ արտերկրից պատրաստ են գալ Հայաստան` քվեարկելու, ինչքան ամոթալի կլինի, որ Հայաստանում ապրողներս չգնանք:
Մանավանդ երբ քո երկիրը նեղության մեջ է և քո օգնության կարիքն ունի ու դա արտահայտվում է ընդամենը ընտրատեղամաս գնալով և քվեարկելով, ուրեմն դա չանելը գրեթե համազոր է դավաճանության:
Դուք, իհարկե, կարող եք նաև չգնալ ընտրության, եթե…
Եթե գոհ եք ձեր այսօրվա կյանքից, գոհ եք գործող իշխանություններից և ուզում եք ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:
Եթե դեմ չեք, որ Եկեղեցու հանդեպ ասպատակությունները շարունակվեն և ձեր երկրի ղեկավարը շարունակի գրել. «Սրբազան, գնա դոմփի քեռակնոջդ»…
Եթե ուզում եք, որ եկեղեցուն պաշտպանող գործարարի անմեղ ելույթից հետո նա գրի. «ստահակ, հիմա քեզ ցույց կտամ մեր ձևովը…» ու ԱԱԾ-ն ուղարկի նրա ետևից:
Եթե ուզում եք, որ Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխվի…
Եթե ուզում եք Արցախ բառն արգելվի, իսկ Ցեղասպանության փոխարեն սկսենք թուրքերի տերմինոլոգիան կիրառել…
Եթե համաձայն եք, որ 200 կամ 300 հազար ադրբեջանցի գա ու բնակություն հաստատի Հայաստանում…
Եթե ուզում եք Տիգրանաշենը հանձնվի, իսկ Սյունիքը հայաթափվի…
Եթե դեմ չեք, որ ոչ մի մեղք չգործած սրբազանները բանտում հայտնվեն, իսկ բարեգործություն անող անձին սպառնան «բոմժ» դարձնել…
Եթե ուզում եք թշնամու զինվորը շարունակի դիրքեր կառուցել Ջերմուկում ու Վարդենիսի սահմանին…
Այս շարքը երկար թվարկելի է…
Եվ այս բոլորը շարունակվելու է, խորանալու է, իրականություն է դառնալու, եթե դուք զլանաք գնալ ընտրատեղամաս: Ձեր մեկ հատիկ չծախսված ձայնը, ըստ էության, բաժին է հասնելու գործող իշխանություններին: Այդ ձայնը դառնալու է այն մանդատը, «դաբրոն», որով նրանք շատ կարճ ժամանակում իրականացնելու են վերը թվարկվածը … մի բան էլ ավելի …

Բաց մի թողեք
Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին
Ավելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները
Վախ եւ տեռոր