28/04/2026

EU – Armenia

Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին։

Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Նրան դուր չի գալիս այս առաջարկը»,- ասել է գործակալության աղբյուրը։

CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի ծրագիրը:

ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ նեղուցի վերաբացումը, առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակից։

Մյուս կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների շրջանը, որն արդեն հանգեցրել է գազի գնի կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Թրամփի հաջորդ քայլերը մնացել են անորոշ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տարբերակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկից հետո։