Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցյալ շաբաթ կառավարության մամուլի ծառայության միջոցով հրապարակայնացրել է, որ շագանակագեղձի չարորակ նորագոյացության վիրահատություն է տարել և ճառագայթային բուժում ստացել։
Իր առողջական վիճակի մասին տեղեկության ուշացումը նա հիմնավորել է պատերազմական իրավիճակում Իրանին «քաղաքական շահարկումների տեղիք չտալու անհրաժեշտությամբ»։ Նաթանյահուն վստահեցրել է, որ «ստացել է լիարժեք բուժում»։
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Նաթանյահուին ներում շնորհելու հարցով բանակցություններ է նախաձեռնել։ Ավելի վաղ Նաթանյահուի նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու և նրան ներում շնորհելու հարցով Հերցոգին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելում մինչև տարեվերջ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։
Նաթանյահուի քաղաքական ճակատագիրը բավական անորոշ է դարձել, երբ շաբաթասկզբին նախկին վարչապետներ Բենետը և Լապիդը հայտարարել են դաշինք կազմելու և ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին։ Ընդ որում, նրանք համաձայնել են, որ հաջողության դեպքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Բենետը։
Քաղաքական լուրջ հայտ է ներկայացրել նաեւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Այզենկոտը։ Հատկանշական է, որ նախկին վարչապետ Բենետը նրանց նախընտրական ցուցակում երրորդ տեղը հատկացնելու առաջարկություն է արել։ Բենետը և Այզենկոտը Նաթանյահուին քննադատում են բանակի հաջողությունները քաղաքական որոշումների չհասցնելու մեջ։
Իսրայելական ռուսալեզու vesty-ն տեսակետ է հայտնել, որ Նաթանյահուի և Բենետ- Լապիդ դաշինքի միջև մրցակցությունում «ազդեցիկ կլինի «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանի դիրքորոշումը»։
Լիբերմանը նախկինում Նաթանյահուի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ուշագրավ է, որ նրա կուսակցությունը հիմնականում համախմբում է Իսրայելի ռուսալեզու բնակչությունը, որ ներգաղթել է ԽՍՀՄ-ից, Ռուսաստանից և հետխորհրդային երկրներից։
Այս իրավիճակում ԱՄՆ նախագահ Թրամփը նախաձեռնել է իսրայելա-լիբանանյան բանակցություններ։ Դեսպանների մակարդակով քննարկումներից հետո տեղեկություն է տարածվել, որ Վաշինգտոնում ծրագրվում է Իսրայելի վարչապետի և Լիբանանի նախագահի հանդիպում, բայց Լիբանանի նախագահը հայտարարել է, որ «արարողակարգային լուսանկարի համար Վաշինգտոն հասնել չարժե»։
Լիբանանյան «Հըզբալա»-ն դեմ է Իսրայելի հետ բանակցություններին և հրաժարվել է զինաթափվելու պահանջը կատարել։ Չնայած ֆորմալ հրադադարին, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հըզբալա»-ի հենակետերին ինչպես Լիբանանի հարավում, այնպես էլ Բեյրութում։
Վարչապետի թեկնածու Բենետը հայտարարել է, որ իր կառավարությունը «կլինի ամենսիոնիստականը և ոչ մի թիզ հող թշնամուն չի զիջի»։
Մերձավորարևելյան արմատական կարգավորման իրական հեռանկար նույնիսկ չի ուրվագծվում, եթե անգամ Նաթանյահուն առողջական խնդիրների պատճառով կամ ընտրությունների արդյունքում թողնի վարչապետի պաշտոնը։
Մի կողմից Իրանը, մյուս կողմից Թուրքիան ձգտում են Իսրայելի դեմ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել։ Ըստ տեղեկությունների, նկատելիորեն լարվում են նաև Եգիպտոսի և Իսրայելի հարաբերությունները։ Մերձավոր Արևելքը «կառավարելու» Դոնալդ Թրամփի ծրագիրը լուրջ փորձության է բախվել։

Բաց մի թողեք
Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել
Մոսկվան չի ընդունում Եվրամիություն – Հայաստան գործընկերությունը
Կարգավորման իրանա-ռուսաստանյան սկզբունքները մերժվել են նաև ԱՄՆ նախագահի կողմից