05/05/2026

EU – Armenia

17 թեկնածուի գրանցում մերժվել է

ԿԸՀ-ն մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցեց 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ հերթական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին: Արդեն հայտնի է, որ գրանցվել է 19 քաղաքական ուժ, որից 2-ը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։

Թեև ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը գրանցվեցին, սակայն տարբեր քաղաքական ուժերի առաջադրած շուրջ 17 թեկնածուի գրանցումը մերժվեց՝ տարբեր պատճառներով։ Որոշ թեկնածուներ վերջին 4 տարին անընդմեջ ՀՀ-ում չէին բնակվել, օրինակ Վարդան Ղուկասյանը, Տիգրան Ուրիխանյանը։ Մյուսների մեջ կային բարձրագույն կրթության վկայականը, կամ վկայականի միջուկը ԿԸՀ չներկայացրած անձինք: Այսինքն, թեկնածուներին չգրանցելու պատճառը փաստաթղթերում թերություններն էին: Ներկայացնում ենք ըստ ուժերի՝ որ ուժերից ովքեր չեն գրանցվել։

1. Ռեֆորմիստների կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 83 թեկնածու պարունակող ցուցակ, ցուցակում տեղ գտած բոլոր թեկնածուները գրանցվել են։

2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 87 հոգանոց ցուցակ, բոլոր թեկնածուները գրանցվել են։

3. «Ուժեղ Հայաստան» դաշինքը 199 հոգանոց ցուցակ և ազգային փոքրամասնությունների ցուցակը՝ 3 թեկնածու։ Այս ցուցակներում տեղ գտած բոլոր թեկնածուները գրանցվել են։

4. Հայաստանի Շնորհապետական կուսակցության ցուցակը բաղկացած է 84 թեկնածուից։ Բոլորը գրանցվել են։

5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ցուցակը բաղկացած է 86 թեկնածուից։ Ցուցակի 71-րդ համար Վլադիմիր Անտոնյանի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է։

6․ «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 80 թեկնածուից։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

7․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածունից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների ցուցակը՝ 3 թեկնածու։ Այս ցուցակներում տեղ գտած բոլոր թեկնածուները գրանցվել են։

8․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը ներկայացել է 101 հոգանոց ցուցակ։ Ցուցակի 93-րդ համար Ջուլիետա Ստեփանյանի և 100-րդ համար Արա Ասլիկյանի թեկնածությունները ԿԸՀ-ն մերժել է գրանցել։

9․ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը 88 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել։ ԿԸՀ-ն 4 թեկնածուի գրանցումը մերժել է՝ 51-րդ համար Մարինե Այրումյանի, 62-րդ համար Սարգիս Սարգսյանի, 70 համար Սուսաննա Երեմյանի և 79-րդ համար Արայիկ Պետրոսյանի։

10․ Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացրած 99 թեկնածուից բաղկացած ցուցակից ԿԸՀ-ն մերժել է 3-ի թեկնածությունը՝ 39 համար Իրինա Ավետիսյանի, 53 համար Վիկտոր Գասպարյանի և 93 համար Գայանե Կիրակոսյանի։

11․ «Հանրապետություն» կուսակցությունը 91 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որից 69 համար Էդուարդ Մարգարյանի թեկնածությունը մերժվել է։

12․ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը 82 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

13․ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածունից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների ցուցակը՝ 1 թեկնածուից բաղկացած։ Թեկնածուներից 5-ի գրանցումը մերժվել է, այդ թվում կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի, քանի որ վերջինս 4 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու մասին հավաստող փաստաթուղթը չէր ներկայացրել ԿԸՀ։ Մերժված մյուս թեկնածուներն են 40 համար Տիգրան Մելիքյանը, 43 համար Ջեմմա Ներսիսյանը, 44 համար Արսեն Կուչուրյանը և 70 համար Արինա Մարկոսյանը։

14․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 82 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

15․ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը 93 թեկնածուրից բաղկացած ցուցակ է ԿԸՀ ներկայացրել։ Թեկնածուներից 6-ի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է, այդ թվում կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի։ Մերժման հիմքը վերջին 4 տարին մշտապես ՀՀ-ում բնակության պահանջին չհամապատասխանելն է։ Մյուս թեկնածուներից մերժվել է 16 համար Վոլոդյա Հովհաննիսյանի, 78 համար Խաչիկ Գրիգորյանի, 79 համար Ռուզաննա Գրիգորյանի, 81 համար Հայկ Կարապետյանի և 84 համար Սերգեյ Ամիրյանի թեկնածությունները։

16․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածունից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների ցուցակը՝ 10 թեկնածուից բաղկացած։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

17․ «Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածունից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների ցուցակը՝ 4 թեկնածուից բաղկացած։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

18․ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն 80 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ, որից ցուցակի 60-րդ համար Գրետա Անդրեասյանի թեկնածության գրանցումը մերժվել է։

19․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԿԸՀ ներկայացրած ցուցակը բաղկացած է 89 թեկնածուից։ Բոլոր թեկնածուները գրանցվել են։

Ամենամեծ ցուցակը ներկայացրել է Քաղպայմանագիրը, իսկ 19 ուժից միայն 5-ն են ազգային փոքրամասնությունների ցուցակ ներկայացրել։

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնց առաջին համարների գրանցումները մերժվել են, իրենց քվեաթերթիկների վրա նշվում են քաղաքական ուժի ներկայացրած ընտրական ցուցակի գրանցված առաջին 3 համարները՝ առանց թվեր նշելու։ Հետևաբար, եթե առաջին թեկնածուները չեն գրանցվել, քվեաթերթիկին գրվում են հաջորդ երեք թեկնածուների անունները՝ ըստ հերթականության։

Անդրադառնալով այն հարցին, թե «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանը ցուցակը, որը բաղկացած էր 80 հոգուց, մեկ թեկնածուի գրանցումը մերժվել էր, ինչի արդյունքում ցուցակը 79 հոգանոց էր դարձել, արդյոք դա չի խախտում օրենքի այն պահանջը, որ ցուցակում նվազագույնը պետք է 80 թեկնածու լինի, Ղուկասյանը նշեց, որ օրենքի պահանջը վերաբերում է ԿԸՀ ներկայացվող ցուցակին, թե թեկնածուներից քանիսը կգրանցվեն փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, դա արդեն էական չէ, կարևորը ցուցակը ներկայացնելու պահին նվազագույնը 80 անձ լինի ցուցակում։