08/05/2026

EU – Armenia

Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ

Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը։

2025 թվականին ՀՀ-ում շարունակվել է տնտեսական աճը՝ պահպանելով մակրոտնտեսական հարաբերական կայունություն արտաքին մարտահրավերների պայմաններում։ Այն կազմել է 7.2%, որը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և առևտրի ոլորտների ակտիվությամբ, թեև արտաքին պահանջարկի որոշակի թուլացում է նկատվել։

Գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%, իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը շարունակել է ուղղված լինել գների կայունացմանը և ֆինանսական համակարգի հավասարակշռության պահպանմանը։

Ֆինանսական համակարգը պահպանել է բարձր կայունություն․ վարկավորումը շարունակվել է, հատկապես հիպոթեքային և սպառողական ուղղություններով, իսկ ոչ կատարողական վարկերի մակարդակը մնացել է ցածր, ինչը վկայում է համակարգի առողջության մասին։

Հարկաբյուջետային քաղաքականությունը մնացել է համեմատաբար զուսպ․ բյուջեի դեֆիցիտը պահպանվել է կառավարելի մակարդակում, պետական պարտքը՝ վերահսկելի, իսկ կապիտալ ծախսերի աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ պահպանվել են արտաքին և ներքին ռիսկեր՝ կապված գլոբալ տնտեսական դանդաղման, աշխարհաքաղաքական անորոշությունների և արտաքին պահանջարկի անկայունության հետ։