14/05/2026

EU – Armenia

Մոսկվան վերաձևակերպել է Ուկրաինայի պետականության ոչնչացման ծրագիրը

Չինաստան այցին ընդառաջ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողները Միացյալ Նահանգների նախագահին հարցրել են Դոնեցկի մարզի ուկրաինական վերահսկողության ներքո տարածքների հարցում Վլադիմիր Պուտինի հետ «փոխըմբռնման» մասին, ինչին Դոնալդ Թրամփը կտրուկ և շատ հակիրճ պատասխանել է․ «Ոչ»։

Քարոզչությունը, որ անցյալ տարի Անքորիջում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները ուկրաինական կարգավորման «տարածքային բաղադրիչի շուրջ ընդհանուր պատկերացման են հասել», պարբերաբար շրջանառվում է ՌԴ նախագահի օգնական Ուշակովի, մամուլի քարտուղար Պեսկովի կողմից։ Մոտ երկու ամիս առաջ, մինչդեռ, արտգործնախարար Լավրովը բացահայտել է, որ «Անքորիջի ոգին գոլորշացել» է։

ԱՄՆ նախագահը բացահայտել է, որ ուկրաինական տարածքների հարցում Պուտինի հետ ոչ միայն համաձայնություն, նույնիսկ փոխըմբռնում չունի։ Խոսքը կարգավորման տարբերակի մասին է, որ ենթադրում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի մարզից, որի դիմաց Ռուսաստանը «պատրաստ է զորքերի շփման գծով հրադադար հաստատել»։

Դոնեցկի ուկրաինական վերահսկողության ներքո տարածքների մասին ԱՄՆ նախագահի կոշտ հայտարարությունը, երևում է, Կրեմլում և ԱԳՆ-ում դեռևս «մշակման է ենթարկվում»։ Փոխարենը գործի են դրվել պետական լրատվամիջոցների հնարավորությունները։ Մայիսյան զորահանդեսից չորս օր հետո ՌԻԱ Նովոստին խմբագրական է հրապարակել, ըստ որի Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի մասին ՌԴ նախագահի հայտարարությունը «ճիշտ չի ընկալվել»։

Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Ռուսաստանը «չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ Եվրոպան ուկրաինական բանակը նախապատրաստում է մեծ պատերազմի»։ Հեղինակը ռազմաքաղաքական իրավիճակը ներկայացրել է այնպես, որ Եվրոպան «ներդրումներ է անում ոչ թե Ուկրաինայի, այլ իր համար, և Ռուսաստանի տեսակետից գործընթացը շարունակվել չի կարող և չի շարունակվի»։

Ասվածը միանշանակորեն պետք է հասկանալ այնպես, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Եվրոպան արդիականացնի և վերազինի Ուկրաինայի բանակը, որպեսզի «մեծ պատերազմ սկսի, ուստի ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ուկրաինական զինուժը ջախջախվի»։

Ըստ Fiancial Times-ի իրազեկ աղբյուրների, «Պուտինը Դոնբասով չի բավարարվի, նրա նպատակը Կիևն» է։ Ամենայն հավանականությամբ, դա մոտ է իրականությանը։ Հակառակ պարագայում Պուտինը չէր արտոնի, որ պետդումայի պատգամավոր Զատուլինը պետական հեռուստատեսության եթերում թվարկեր «հատուկ ռազմական գործողության հռչակած նպատակները» և ամփոփեր, որ «դրանցից ոչ մեկը իրականացված» չէ։

Մոսկվան, երևում է, վերաձևակերպել է Ուկրաինայի պետականության ոչնչացման ծրագիրը։