16/05/2026

EU – Armenia

Հռոմի ստատուտի վավերացման միակ արդյունքը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն էր

Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունեց Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին։ Նա դեմքի ուրախ արտահայտությամբ ինչ-որ համագործակցության հարցեր էր քննարկում ու լուսանկարվում:

Հրապարակ թերթը գրել է․ Ինչի՞ մասին են նրանք խոսում, եթե երկու տարուց ավելի է անցել 2024 թվականի փետրվարից, երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, բայց որեւէ հայց կամ հաղորդում հանցագործության մասին Միջազգային քրեական դատարան չենք ներկայացրել: Հասկանալի է մի բան՝ շոուն Հռոմի ստատուտի շուրջ շարունակվում է:

Իսկ 2023 թվականի վերջին, երբ Փաշինյանն ու թիմակիցները հող էին նախապատրաստում այս փաստաթղթի վավերացման համար, որպես հիմնական պատճառ ու նպատակ՝ նշում էին Ադրբեջանի դեմ միջազգային հայցեր ներկայացնելու հնարավորությունը, Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար անվտանգային երաշխիքների ստեղծումը:

«Հռոմի ստատուտի վավերացման որոշումը կայացվեց 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ»,- հայտարարում էր Փաշինյանը՝ 2023 թվականի սեպտեմբերին, եւ Հայաստանի ժողովրդի միամիտ հատվածը սրան հավատում էր:

«Դու մի կողմից գնում ես իրենց հետ խաղաղության պայմանագիր կնքելու, մյուս կողմից ասում ես՝ «ես քեզ դատի եմ տալու»: Դա աբսուրդ է»,- սա էլ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մեկնաբանությունն էր «Ազատություն» ռադիոկայանին՝ նույն օրերին տրված:

Հիմա ի՞նչ կասեք՝ 2 տարի անց․ ստացվում է՝ Հռոմի ստատուտը զուտ հակառուսական քա՞յլ էր՝ եվրոպացիների հրահանգով Պուտինին նյարդայնացնելու համար: Արթուր Խաչատրյանը պատասխանում է. «Մենք ասում էինք, որ սուտ եք ասում, Հռոմի ստատուտի վավերացման թիրախն Ալիեւը չէ, դուք սրանով էս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում հերթական հակառուսական քայլն եք կատարում, որը Հայաստանին ոչ մի դրական բան չի բերի, իսկ դա նա է, ինչ եղավ: Ոչ մի ադրբեջանցի հանցագործի պատասխանատվության ենթարկելու գործողության չդիմեցին: Ավելին՝ համաձայնել են Ադրբեջանի հերթական պահանջին՝ հետ քաշել իրար նկատմամբ եղած փոխադարձ հայցերը, չնայած ի՞նչ հայց պետք է ունենար Ադրբեջանը Հայաստանի դեմ, ես չեմ պատկերացնում: Իսկ ինչքա՞ն Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր ուներ: Հենց թեկուզ արցախցիների ցեղասպանության դրվագով: Ուղղակի հերթական անգամ ժողովրդին խաբեցին, գնացին հակառուսական քայլի՝ դրանով էլ ավելի խորացնելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, որը վերջիվերջո տեսանք, թե Մոսկվայում ինչքան հրապարակային դրսեւորվեց: Ես մեծ մտավախություն ունեմ, որ ԵԱՏՄ-ն կարող է մայիսի 28-29-ին հստակ վերջնագիր ներկայացնել, իսկ թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կամ մասնակցության սառեցումը, կարծում եմ՝ շատ լավ հասկանում եք»:

Պատգամավորը չի կարծում, որ մայիսի 28-29-ին ԵԱՏՄ երկրները միակողմանիորեն կդադարեցնեն մեր անդամությունը ԵԱՏՄ-ին: «Հայաստանից ապրանքը Ռուսաստան առանց մաքսի պետք է անցնի, դա ակնհայտ է, բայց չմոռանանք «Ռոսպոտրեբնադզորի», «Ռոսալկոհոլնադզորի», «Ռոսսելխոզնադզորի» մասին, որոնք արտաքին քաղաքական գործիքներ են: Մեր գյուղատնտեսական մթերքների հիմնական շուկան Ռուսաստանն է, եթե ջերմուկից բացի մեր մուրաբաները ու հյութերն արգելեն, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ենք վաճառելու»: Ստացվում է, որ Հռոմի ստատուտի վավերացման միակ էֆեկտը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացո՞ւմն էր: Բայց որոշ իրավապաշտպաններ պնդում են, որ ՄՔԴ-ին միանալը կարեւոր կռվան էր, Ադրբեջանի հետ հարաբերություններում խաղաքարտ, որը մարտավարական առավելություն է տվել մեզ:

«Շնորհակալ եմ ինձ ծիծաղ պարգեւելու համար»,- պատասխանում է Արթուր Խաչատրյանը: «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության առաջին կին ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այն գործիչներից է, որն ի սկզբանե կողմ էր արտահայտվում Հռոմի ստատուտի վավերացմանը եւ այսօր էլ կարծիքը չի փոխել: «Նման փաստաթղթերը մեզ համար շատ կարեւոր են, որպեսզի մենք կարողանանք, դրանք օգտագործելով, մեր հայկական շահերը եւ իրավունքները պաշտպանել: Լրիվ այլ հարց է, որ դրանք ընդունվում են շատ դեպքերում որպես ակցիա, ինչ-որ մեկի դեմ, ու սա միակ նման փաստաթուղթը չէ: Նախկինում մենք մի այլ իրավիճակ ունեինք, երբ որ քվեարկում էին մարդիկ տարբեր միջազգային կառույցներում, եւ այդ քվեարկությունները որեւէ դրական արդյունք Հայաստանի համար չունեին, բայց նպաստավոր էին, օրինակ՝ Ռուսաստանի շահերի համար: Հիմա էլ Հռոմի ստատուտն այս իշխանությունների կողմից ընդունվել է ուղղակի ՌԴ-ին ցավացնելու համար: Իշխանությունները դա չօգտագործեցին, դա միայն PR շոու էր՝ ցույց տալու, որ իրենք ահավոր ժողովրդավար են, ահավոր արեւմտամետ են, մինչդեռ այն կարող էին օգտագործել ռազմական գործողություններ իրականացրած տարբեր անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ներառյալ ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների: 9 ամսից ավելի շրջափակման մեջ պահելը արցախցիներին, հետո ցեղասպանական գործողությունները, հարձակումները Հայաստանի տարածքի վրա, խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողություններն ու էլի բազմաթիվ գործողություններ, այլ հանցագործություններ կարող էին հայցեր դառնալ»,- նշում է Նինա Կարապետյանցը:

Բայց Փաշինյանը փոխադարձաբար հրաժարվեց հայցերից, եւ չեն դիմել ՄՔԴ, որովհետեւ, ըստ կանոնակարգերի, ՄՔԴ հայցից հրաժարվել չի կարելի, ինչպե՞ս նա բարձրաստիճան ադրբեջանցիների դեմ հայց կներկայացներ: «Նիկոլ Փաշինյանը եւ հայկականության շահն իրար հակասող երկու գաղափար են: Փաշինյանի գործողությունները ցեղասպանական գործողություններին հանցակցություն են»,- ասում է Կարապետյանցը: