24/05/2026

EU – Armenia

Կիսախելագար Թրամփն ու Թրամփին խափված խեղճ Հայաստանը

Իսրայելը դուրս է թողնվել Իրանի հետ ԱՄՆ բանակցություններին ներգրավվածությունից։ Այդ մասին գրել է The New York Times-ը։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականի հրապարակման հիմնական թեզերը փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն։

Ամերիկյան պարբերականին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ է Իսրայելի վարչապետից, որ պատերազմի մեկնարկին հավաստիացրել է, թե մի քանի թիրախային հարվածներից հետո Իրանի կրոնապետական վարչախումբը կփլուզվի»։

«Եդիոտ ահրոնոտի» քաղաքական մեկնաբան Ռոնեն Բորմանի տեղեկություններով՝ իսրայելական կողմը «ստիպված է եղել գործի դնել Թեհրանում իր աղբյուրները»։ Ստացված տեղեկությունների «մանրակրկիտ վերլուծությամբ» Երուսաղեմում «եզրակացության են եկել, որ Իրանի հետ բանակցություններում նրա հեռահար հրթիռային ծրագր սառեցումը այլևս չի քննարկվում»։

Իսրայելական լրատվամիջոցը հրապարակայնացրել է, որ պատերազմի սկզբին Բենիամին Նաթանյահուն առաջադրել է երեք խնդիր՝ Իրանի միջուկային ծրագրի ոչնչացում, հրթիռային ծրագրի սառեցում, կրոնապետական վարչախմբի տապալում։ «Այդ խնդիրներից և ոչ մեկը լուծված» չէ,- ամփոփել է իսրայելցի մեկնաբանը։

The New York Times-ի հեղինակի գնահատմամբ՝ «Իրանը բանակցություններում հանդես է գալիս որպես հաղթող կողմ»։ Նրան հայտնի է դարձել, որ վերջին օրերին ԱՄՆ-ը և Իրանը «շրջանակային համաձայնագրի մի քանի սեւագրություն են փոխանակել, բայց որեւէ առաջընթացի չեն հասել»։

Մայիսի 22-ին Թեհրան է ժամանել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։ Ըստ տեղեկությունների, նրան է միացել նաև Կատարի «բարձրաստիճան պատվիրակությունը»։ Այդ առթիվ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային tasnim գործակալությանը ասել է, թե «միջնորդների Թեհրանում գտնվելը չի նշանակում, թե մենք համաձայնությանը մոտ» ենք։

Նա կոնկրետացրել է, որ Իրանի համար առաջնահերթություն է «բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, այն չկրկնվելու երաշխիքների ամրագրումը, շրջափակման վերացումը և իրանական ակտիվների ապասառեցումը»։ Բաղային ամփոփել է, որ «դրանից հետո հնարավոր է խոսել այլ հարցերից, բայց կարող ենք և չխոսել»։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Իրանը մերժել է «անվերապահ կապիտուլյացիայի» ամերիկյան պահանջը, իսկ թե պատասխան ի՞նչ քայլեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզ չէ և առաջիկայում հազիվ թե պարզ լինի։ Այս համատեսքստում միջազգային փորձագետները կանխատեսում են Մերձավոր Արևելքում երկու ռազմաքաղաքական դաշինքի ձևավորում։

Ենթադրվում է, որ առաջինը Պակիստանի «միջուկային հովանոցի ներքո» կկազմավորեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը, իսկ երկրորդը կձևավորվի Հնդկաստան-Արաբական միացյալ էմիրություններ-Իսրայել ընդգրկմամբ և կձգտի «Կիպրոսի միջոցով ազդեցություն ունենալ Միջերկրականի արեւելյան հատվածում»։

Կանխատեսումն, ինչ խոսք, կարող է նաև «վրիպակային լինել», ինչպես հաճախ է պատահում, այդուհանդերձ արժե, թեկուզ հռետորական հարցադրման մակարդակում դիտարկել, թե Հայաստանի անվտանգային «բարձիկը» ո՞րը կարող է լինել։

Չափազանց էական է նաև այն, թե ենթադրյալ դաշինքներից որի՞ն է առնվազն «հարելու» Ադրբեջանը։ Մնալո՞ւ է Թուրքիայի հետ, թե՞ ընտրելու է Իսրայելին։