27/05/2026

EU – Armenia

Լավրովը Ռուբիոյին «զգուշացրել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման վտանգի՞ց»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, որի փոխանցմամբ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Ռուսաստանը «ձեռնամուխ է լինում Կիևում տեղաբաշխված՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտներին համակարգային հարվածներին»։

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը Ուկրաինայի մայրաքաղաքում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հորդորել է հեռանալ Կիևից, իսկ քաղաքի բնակիչներին՝ «հեռու մնալ ռազմական նշանակության օբյեկտներից»։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ հարվածներ են ծրագրվում նաև Ուկրաինայի «որոշումների ընդունման կենտրոններին»։

Վերջին ձևակերպումից բխում է, որ Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակումների թիրախ են ընտրված Ուկրաինայի նախագահի, կառավարության, Գերագույն ռադայի նստավայրերը, ԶՈՒ և հատուկ ծառայությունների ու ռազմական հետախուզության հրամանատարական կետերը։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականի համաձայն՝ «Ռուսաստանը դադարեցրել է մանկասպանների հետ բանակցությունները»։ Խոսքը Ուկրաինայի հետ բոլոր մակարդակի շփումները կասեցնելու մասին է։

Այս համատեքստում Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցը կարևորվում է նրանով, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը փաստացի հայտարարել է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը դադարեցնելու միջնորդական ջանքերը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ը, իհարկե, այդ հեռախոսազրույցի մանրամասնությունները չի հրապարակայնացրել։

Կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ը, դադարեցնելով միջնորդությունը, Ռուսաստանին հնարավորություն է ընձեռել, որպեսզի գետնի վրա իրավիճակ փոխի և այդ դիրքերից Ուկրաինային «կապիտուլյացիա պարտադրի»։ Մյուս կողմից, սակայն, «ձեռքերի ազատություն է ստանում» նաև Ուկրաինան։

Այսպիսով, առկա է ուկրաինական պատերազմի, ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Լայենն է ձևակերպել՝ «խելահեղ էսկալացիայի» և համաեվրոպական պատերազմի իրական սպառնալիք։ Այն, ինչ շուրջ երկու շաբաթ հնչեցրել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը, որ «Եվրոպային պետք է անասնական վախ ներշնչել»,- շատ մոտ է իրականություն դառնալուն։

Ռուսաստանյան պաշտոնական մամուլի հրապարակումներում գերիշխում է այն տպավորությունը, որ Կիևի դեմ «Օրեշնիկի» կիրառումից «Եվրոպայում սարսափահար» են։

Կիևում որոշում ընդունող կենտրոնների թիրախավարումը, որի մասին բաց հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փաստացի անոնս է, որ ծրագրվում է Ուկրաինայի նախագահի սպանությունը։

Լուգանսկի մարզում մանկավարժական քոլեջի «հանրակացարանի հրթիռակոծումը» ներկայացվում է որպես «խաղաղ բնակչության սպանության նպատակով կազմակերպված ահաբեկչություն»։

Այդ հարցով Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի հաջողվել աջակցություն ստանալ։ Միջազգային հանրությունը Լուգանսկի մարզը ճանաչում է որպես Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք։

Կիևի համակարգված հրթիռակոծման մասին ծանուցումը, որ ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է ԱՄՆ պետական քարտուղարին, հավանաբար, արվել է այն ենթատեքստով, որ ԱՄՆ նախագահը «դեռ կարող է ազդել և Զելենսկուն ստիպել, որպեսզի ընդունի կրակի դադարեցման ռուսաստանյան նախապայմանները»։

Նախօրեին Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հեղինակության և ազդեցության հաստատման նախապայման է անվանել «հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակների նվաճումը»։

Ի՞նչ կհետևի Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցին։ Հնարավոր է՝ Մոսկվայում ակնկալում են Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույց։ Միացյալ Նահանգների նախագահն այս օրերին կենտրոնացած է Իրանի հետ «գործարքի» հարցով բանակցությունների վրա։

Թարմփը, կարծես, անկեղծորեն ձգտում է «իրանական ճահճից» պատվավոր ելք գտնել և առայժմ նախընտրում է դիվանագիտական ջանքերը։ Վլադիմիր Պուտինը բազմիցս մերժել է ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատման, այնուհետև մյուս բոլոր հարցերի քննարկման տարբերակը։

Արժե, թերևս, նկատել նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ «վերջնագրային» հեռախոսազրույց է ունեցել նրա Երևան ժամանելու նախօրեին։ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի ճնշումները հասել են բարձրակետի։

Գուցե Լավրովը Ռուբիոյին «զգուշացրել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման վտանգի՞ց»։