04/06/2026

EU – Armenia

Կորցրել է մեր վստահությունը

Հանրային վստահությունը շահելը բարդ է, իսկ կորցնելը` շատ դյուրին: Երբ դու հարյուր հազարների առաջ ինչ-որ խոստում ես տալիս, ու ամիսներ անց պարզվում է, որ ուղղակի խաբել ես մարդկանց, ինչո՞ւ պետք է մարդիկ դրանից հետո հավատան քո խոսքին, վստահեն քեզ:

Հրապարակ թերթը գրել է․ Դա նշանակում է, որ դու արժանի չես քո բարձր պաշտոնին: Իսկ նման իրավիճակներ այս 8 տարում անթիվ-անհամար են եղել: Վստահ եմ, որ ամեն մեկդ հիշում եք տարբեր դրվագներ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի, հայտարարություն է արել, ապա որոշ ժամանակ անց դրա ճիշտ հակառակը պնդել:

Օրինակ, ասում էր, որ չի կարող այնպես լինել, որ մի օր արթնանաք ու իմանաք, որ ես ինչ-որ կարեւոր հարց եմ լուծել, ասենք` Արցախի հարցը: Խոստանում էր, որ գալու է Հանրապետության հրապարակ, հավաքելու է ժողովրդին եւ նրա հետ քննարկելու է ցանկացած քայլ, որոշում, որի շահառուն հայ մարդն է, ՀՀ քաղաքացին: 8 տարում մենք հազարավոր նման դեպքեր ենք հիշում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումները կայացվել են միանձնյա, եւ անգամ իր ՔՊ-ական թիմը դրանց կայացմանը չի մասնակցել:

Բայց ամենամերժելի բանը, որ արել է այս իշխանությունը, մեր ազգի ու մեր պետության կորուստները որպես ձեռքբերումներ, պարտությունը որպես հաղթանակ, ինքնիշխանության ոչնչացումը որպես ինքնիշխանության հաղթանակ ներկայացնելն է եւ օտար պետություններից, մեր թշնամիներից եկող հրահանգները, նրանց ցանկությունները սիրահոժար, մի բան էլ ավելցուկով ու առաջանցիկ կատարելը:

Վստահ եմ, որ Ալիեւն ու Էրդողանն ամեն անգամ տարակուսում են, թե ինչու է Փաշինյանն իրենց պահանջների կատարման հարցում նման ջերմեռանդություն ցուցաբերում եւ ամեն անգամ «հաճելի սյուրպրիզներ» մատուցում իրենց, երբ դրա կարիքը բոլորովին չկա: