ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Թեհրանին Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռը խոցելու մեջ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատասխանել է՝ պնդելով, որ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։
ԱՄՆ զինված ուժերի հարվածների մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այս առաքելությունը համաչափ պատասխան է իրանական անհիմն ագրեսիային», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։
ԱՄՆ զինված ուժերը հետագայում պարզաբանել են, որ երկուշաբթի օրը ամերիկյան ուղղաթիռի խոցմանն ի պատասխան թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ցամաքային կառավարման կենտրոնները և ռադարային կայանները։
Հարվածների սկսվելուց երեք ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է առաքելության ավարտի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին հայտարարել է, որ Իրանը նախորդ օրը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռ։
«Մեր գերազանց զինվորականները հենց նոր ինձ տեղեկացրին, որ երեկ երեկոյան իրանցիները Հորմուզի նեղուցում պարեկություն կատարելիս խոցել են մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը: Կային երկու օդաչուներ, երկուսն էլ ողջ-առողջ են: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է արձագանքի այս հարձակմանը», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում:
ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատասխան հարվածները կլինեն «շատ ուժեղ»:
«Մենք հենց հիմա պատասխանում ենք: Սա պատասխան է նրանց արածին, այն բանին, ինչ նրանք արեցին մեր ուղղաթիռի հետ երեկ երեկոյան, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժեղ, շատ հզոր, և հենց այդպես էլ կա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր հարվածները՝ գրառում թողնելով «X»-ում։
«Չնայած մարտադաշտում կրած պարտություններին, ԱՄՆ-ն որոշել է փորձարկել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը անպատասխան չեն թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք:
Լքեք մեր տարածաշրջանը, եթե ուզում եք անվտանգ լինել», – գրել է նա:
ԱՄՆ հարվածների նոր ալիքին ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների 21 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին, այդ թվում՝ Բահրեյնում և Հորդանանում, մինչդեռ Քուվեյթը պնդում էր, որ կանխել է հարձակումը։
ԱՄՆ պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել իրենց բազաների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները, և պարզ չէ, թե արդյո՞ք որևէ վնաս է պատճառվել։ Այնուամենայնիվ, տեղական իշխանությունների տվյալներով՝ Բահրեյնում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ, և իրանական հարձակումները հետ են մղվել։
NEW York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է հունիսի 9-ի ուշ երեկոյան Հորմուզի նեղուցի մոտ ուղղաթիռի վթարի մասին։ Թրամփը շուտով հաստատել է վթարը, սակայն ո՛չ թերթը, ո՛չ էլ նախագահը չեն նշել ուղղաթիռի վթարի պատճառը։
Իրանը ուղղակիորեն չի պնդել, որ իր ուժերն են խոցել ամերիկյան ուղղաթիռը, սակայն Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել օտարերկրյա զորքերին լքել Հորմուզի նեղուցը և հարակից տարածքները՝ զգուշացնելով, որ նրանք վտանգի տակ են։
«Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ, այլ Իրանի և Օմանի համատեղ սեփականությունն է… Մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտական ռիսկի տակ են մարդկային սխալի, պարզ վթարների կամ խաչաձև կրակի տակ հայտնվելու հնարավոր վտանգի պատճառով: Ռիսկը նվազեցնելու համար լավագույն լուծումը նրանց հեռանալն է», – գրել է Արաղչին ,X»-ում։
Մինչ Թրամփի արձագանքը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հունիսի 9-ի երեկոյան Պարսից ծոցում փրկվել են խփված Apache ուղղաթիռի երկու օդաչուն։ Հրամանատարության մամուլի կցորդը BBC-ին ասել է, որ ուղղաթիռի անձնակազմերը ջրից փրկվել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի 59-րդ աշխատանքային խմբին պատկանող ծովային անօդաչու թռչող սարքի միջոցով։
Մամուլի կցորդի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը վերցրել է ուղղաթիռի անձնակազմին և տեղափոխել նրանց չբացահայտված վայր ծովում, որտեղից նրանց վերցրել է մեկ այլ ուղղաթիռ։
Սա ԱՄՆ-ի կողմից կորցրած առաջին Apache ուղղաթիռն է փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի հետ պատերազմի նոր փուլը։
ԱՄՆ ռազմական արձագանքը կարող է խաթարել հրադադարը և Թրամփի՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը։
Լիբանանում ստեղծված իրավիճակը նույնպես սպառնում է խաթարել հրադադարը. «Հըզբոլլահը» շարունակում է կրակ բացել իսրայելցիների վրա, Իսրայելը հակադարձում է, իսկ Իրանը սպառնում է ավելի շատ հրթիռային հարվածներով, եթե Իրանը չդադարեցնի հարձակումները։
Կիրակի և երկուշաբթի օրերին Իրանը և Իսրայելը փոխանակվել են հարվածներով, որից հետո հայտարարել են ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Հունիսի 9-ին՝ Թրամփի կողմից խոցված ուղղաթիռի մասին հայտարարությունից մի քանի րոպե առաջ, ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերում հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Իսրայելի վրա նոր հարվածների։
«Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, բայց մենք շատ ավելի լավ ենք խոսում այլ լեզուներով: Եթե խախտեք ձեր պարտավորությունները, մենք կանցնենք այն լեզվին, որով լավագույնս ենք խոսում», – գրել է Ղալիբաֆը։

Բաց մի թողեք
«Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ
Հայտնի է, թե երբ տեղի կունանա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հուղարկավորությունը
Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը մոտենում է, Հորմուզի նեղուցի մոտ նոր ռազմական գործողություններ են բռնկվում. Reuters