25/06/2026

EU – Armenia

Ինչո՞ւ են ջնջել 44-օրյայի հերոս Հայկազ Մկրտչյանի դիմանկարը. Լուսանկար

44-օրյայի հերոս Հայկազ Մկրտչյանի դիմանկարը, որը գրաֆիտի ոճով արված էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտակա գետնանցումի պատին, ջնջել են. պատը մաքրել են, և նկարի հետքն էլ չի մնացել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր հերոսի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը՝ դրանում հատուկ միտում տեսնելով։

«Որքան էժան եք դուք՝ քեմալական պայմանագրի ներկայացուցիչներդ և քեմալիստներդ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։ Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։ Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։ Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։ Եվ դեռ երանի եք տալու իրեն։ Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք…»,- գրել է նա։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչու է Հայկազ Մկրտչյանի դիմանկարը հեռացվել գետնանցումի պատից։ Ըստ մամուլի խոսնակի՝ դիմանկարը մաքրելու մեջ որևէ միտում չկա. պարզապես վարչական շրջաններն այդ քայլին դիմում են սահմանված օրենքից ելնելով։

Նրա հավաստմամբ՝ Կենտրոն վարչական շրջանում դեռ մեկ-երկու ամիս առաջ են սկսել հեռացնել առանց թույլտվության արված որմնանկարները։ Պարզվում է՝ Երևանում որմնանկարներ կամ գրաֆիտիներ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Եվ միայն էսքիզը հաստատվելուց ու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կարելի է առանց վարանելու այն պատկերել՝ վստահ լինելով, որ չի մաքրվելու։

Օրենքով՝ առանց համապատասխան թույլտվության իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։ Իսկ եթե իրականացնողն առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ որմնանկարը (գրաֆիտին) մաքրելու պարտավորությունն իրականացնողի վրա դնելու միջոցով։

Արտյոմ Կարապետյանը, անդրադառնալով Արևիկ Մկրտչյանի գրառմանը, նշեց, որ թեման շատ զգայուն է, քանի որ այս դեպքում պատերազմում զոհվածի դիմանկարն է մաքրվել, ինչը կարող էր բոլորովին այլ կերպ ընկալվել։ «Թեման շատ զգայուն է, հասկանում եմ քրոջ վրդովմունքը, բայց եթե նկարը մաքրում են, չի նշանակում, որ հիշատակը չեն հարգում»,- ասաց նա։

Ի դեպ, հաշվի առնելով, որ պատերազմում զոհված տղաների նկարները պատկերվում են նաև բնակելի և հասարակական նշանակության շինությունների վրա, քաղաքապետարանն այդ դեպքերի համար նույնպես օրենքով կարգավորումներ է նախատեսում։ Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է ներկայացնել նաև շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը (թույլտվությունը)։ ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների շենքերի կամ տարածքների դեպքում պահանջվում է հիմնադրի գրավոր համաձայնությունը։

Օրենքը՝ օրենք, բայց ամեն ինչ փոխվում է, երբ հանուն հայրենիքի ընկած տղաների մասին է խոսքը։

Blog Image