Լուսինե Ավագյան անուն-ազգանունով քաղաքացին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Փաշինյանի։
Հայցվորը դատարանից խնդրում է ճանաչել, որ վարչապետի տարածած տեղեկատվությունն առ այն, թե, բացառությամբ «Քաղպայմանագրի», «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», իր մասով չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը։ Միաժամանակ պահանջում է, որ դատարանը նրան պարտադրի՝ իրեն վճարել 3-ական միլիոն դրամ՝ որպես զրպարտության եւ վիրավորանքի արդյունքում պատճառված վնասների փոխհատուցում:
Դատական տեղեկատվական DataLex համակարգում որոնում տալը բերեց գործի համարը՝ ԵԴ2/7955/02/26, ինչպես նաեւ՝ դատավորի անուն-ազգանունը՝ Նաիրա Վազգենի Ավետիսյան: Ճշտեցի նաեւ 2008 թվականից գործող դատավորի վարկանիշը. այն կազմում է 16 միավոր: ՀՀ փաստաբանների պալատի գործող անդամների կողմից դատավորներին տրվող ամենաբարձր վարկանիշը 125 (դրական) միավորն է՝ տրված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին: Իսկ դա ենթադրում է, որ առաջին ատյանում Լուսինե Ավագյանի հայցը բավարարելու հավանականությունը, կոպիտ հաշվարկով, կազմում է 12-13 տոկոս: Չմոռանանք, որ դրական արդյունքի դեպքում առկա է բողոքարկման հնարավորություն՝ ավելի բարձր դատական ատյաններում:
Ի դեպ, ամենացածր (-31 (բացասական) միավոր) գնահատականը տրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին: Իսկ ընդհանրապես՝ բացասական միավոր ստացած դատավորների քանակը 30-ն է: Ամենացածր վարկանիշով դատավորների եռյակը, Արմեն Դանիելյանից բացի, ներառում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանին եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանին: Բացասական միավորով մյուս անձը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցն է (-9 միավոր):
Ասեմ, որ ես էլ եմ նման բան մտածել, բայց ծանրութեթեւ անելով այդ գործի հեռանկարը՝ հրաժարվեցի այդ գաղափարից: Հատկապես որ հոգեբանորեն բարդ է նման քայլի դիմելը 67 տարեկանում: Դրա համար անհրաժեշտ են շատ ավելի երիտասարդ, իրականության նկատմամբ ռոմանտիկ պատկերացումներ ունեցող անհատներ: Իզուր չէր Մաքսիմ Գորկին իր «Պառավ Իզերգիլը» պատմվածքում, ի դեմս անձնազոհ Դանկոյի («Դանկոյի սիրտը»), հենց երիտասարդի կերպար ներկայացնում:
Համացանցում համարձակ ընդդիմադիր տիկնոջ տվյալների փնտրտուքը բերեց հետաքրքիր արդյունքի: Լուսինե Աբոյի Ավագյան անուն-ազգանունն առկա է 2022-ին ԲԴԽ նախագահ Գ. Ջհանգիրյանի կողմից ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանին ներկայացված՝ տարբեր ատյանների դատավորների թեկնածուների ցուցակներում: Սակայն, ինչպես երեւում է, ՔՊ-ականները չեն հաստատել վերջինիս թեկնածությունը: Տիկին Ավագյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ, «Էլ Էյ խորհրդատվական գրասենյակ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Եվ եթե հենց նա է հայցվորը, ապա այս գործը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել, այլեւ ավելի գործուն ազդեցություն ունենալ հետագա ներքաղաքական զարգացումների առումով:

Բաց մի թողեք
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի արձագանքը՝ Սարգսյանի սենսացիոն հայտարարությանը. Լուսանկար
Բիշքեկի առաջիկա ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցի 17 երկրի ղեկավար, այդ թվում՝ Փաշինյանը, Պուտինը, Ալիևը, Էրդողանը
Թուրքիայի ԱԳ նախարարը Հարավային Կովկասի համար առաջարկել է նոր անվտանգության մոդել