14/07/2026

EU – Armenia

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը. Լուսանկար

Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ձևավորումը, եվրոպական ինտեգրման փորձի փոխանակումը և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

«Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։ Կլոդիանա Սպահյուի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: