Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում նախագծերից մեկը վերաբերում է Հայաստանից դեպի Եվրոպա ձուկ արտահանելուն։
Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաներ (թեփուկավոր ձկներ) և դրանցից ստացված արտադրանք արտահանելու Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, արտահանում իրականացնելու համար, պետք է գրանցված լինեն Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։
Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ Լիազոր մարմին)։ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է, որ Լիազոր մարմինն իրականացնի ստուգում։
Հարկ է նշել, որ ներկայումս գործող օրենսդրությամբ բացակայում են Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան՝ ձկնաբուծական տնտեսություններին, ինչպես նաև ձկնամթերքի արտադրությամբ կամ պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։
Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր կարգ՝ սահմանելով Եվրոպական միության կանոնակարգերով ու դիրեկտիվներով նախատեսված պահանջները, ինչը հնարավորություն կտա Լիազոր մարմնին իրականացնել համապատասխան ստուգումներ։
Եվրոպական հանձնաժողովի ընդունած կանոնակարգերը ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար պետք է անցնեն իմպլեմենտացման (ներդրման) որոշակի գործընթաց։ Հետևաբար, նոր կարգի ընդունմամբ Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները կտեղայնացվեն ազգային օրենսդրությամբ, և Լիազոր մարմինը կունենա իրավական հիմք՝ արտահանման դիմում ներկայացրած տնտեսավարողի մոտ ստուգում իրականացնելու համար։
«Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերքի արտադրությամբ կամ ձկան ու ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա Լիազոր մարմնին ստուգումներ իրականացնել սահմանված պահանջների կատարման նկատմամբ։
Այս բոլոր գործընթացներն ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը և տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Բաց մի թողեք
Ֆինլանդիայի Օրպոն քննադատության տակ է 35 միլիոն եվրո արենայի ֆինանսավորման գործարքի պատճառով
ԵՄ երկրների պաշտպանության ծախսերի զգալի տարբերություններ, ըստ Եվրոպական պաշտպանության գործակալության (ԵՊԳ)
Պատժամիջոցների չեղարկումը ԵՄ-ին ստիպում է մեկ շաբաթով սառեցնել նավթի գնի սահմանափակումը