Եվ այսպես, եթե վարչապետ Փաշինյանը ցանկանում է Հայաստանը Ռուսաստանից վերակողմնորոշել և տանել Արևմուտք, ինչո՞ւ է քաղաքական լեռնագնացությամբ զբաղվում վիճելի Զանգեզուրում՝ 2020 թ․ կապիտուլյացիայի միակ չկատարած պայմանի՝ հայտնի 9-րդ կետի գոտում,- ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։
Նախ, չափազանց կարևոր է գրառման ժամանակը, երկու օր առաջ եռամյա ընդմիջումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում և ռուսաստանցի պաշտոնակից Լավրովի հետ բանակցություններ վարել։
Նույն օրը Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի օրինագծին։ Այն եզրակացության համար կուղարկվի Սահմանադրական դատարան։
Անցյալ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան քաղաքական համաձայնությունը, ըստ այդմ, մտնում է իրավական ինստիտուցիոնալացման փուլ։ Մանավանդ որ ԱՄՆ պետդեպարտամենտը գրեթե համաժամանկյա հաստատել է TRIPP+ ներդրումային ծրագիրը, որի գործադիր տնօրեն է նշանակվել ծագումով ռուսաստանցի ամերիկյան գործարար Կոնստանտին Սոկոլովը։
Պաշտոնական Բաքուն մինչ այդ ակնարկել է, որ Հայաստանը «ձգձգում է TRIPP-ի գործնականացումը»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կարճատև այցից, Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից հաջորդիվ իրականացրած գործնական քայլերից հետո, բնականաբար, ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակներում շահարկումների հնարավորությունից զրկվել է։
Այդ պատճառով գործի է դրվել Զուլֆուգարովի «մասնավոր տեսակետի» խողովակը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նույն գրառմամբ «իրազեկել՞ է, որ «հայտնի 9-րդ կետի կատարումը Փաշինյանին արգելել է Ռուսաստանը»։ Կարելի է ենթադրել, որ Ալիևը «կորցրած հնարավորության համար ափսոսում՞ է կամ Մոսկվայում Բայրամովին «անշնորհակալ՞ են անվանել։
Դա այնքան էլ էական չէ։ Զուլֆուգարովի գրառման կարևորությունը այն է, որ նա, թեկուզ ոչ բացահայտ, բայց շատ թափանցիկ ասում է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է։
Թե ինչո՞ւ է նա այդ բացառիկ հնարավորության համար ափսոսում, պարզ է։ Արտառոց է, թե ընդդիմությունը ինչո՞ւ էր նպատակադրվել Հայաստանի այդ «ընթացքը կանխել»։ Եվ արդյո՞ք «կանխումը վերջնականապես կանխված» է։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս