Հուլիսի 25-ը, հավանաբար, կհիշվի որպես հետխորհրդային տարածքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «վարկանիշային անկման» օր։
Ղազախստանի նախագահի հետ Օմսկում նրա հանդիպման մասին տեղեկատվական հոսքերում գերիշխում է Տոկաևը։ Նա ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության էությունը «չի հասկանում», Պուտինին խորհուրդ է տալիս պատերազմը դադարեցնել, բայց կտրուկ հրաժարվում միջնորդությունից։ Իսկ ՌԴ նախագահը ընդամենը խոստանում է փակ ձևաչափում հանգամանալի ներկայացնել ռազմաճակատային իրավիճակը։
Երբ բանակցությունների մեկնարկին կողմերից մեկը իր «կարմիր գծերը» հստակ սահմանում է, ուրեմն «իրավիճակի տերը» նա է։ Տպավորությունը, թե Պուտինին, գուցե, հաջողվի Ղազախստանի դիրքորոշումը թեքել իր կողմը, երևում է՝ անիրատեսական էր։ Տոկաևը Օմսկում բացահայտել է, որ շահագրգռված է պատերազմի «սառեցմամբ»։
Դա Ղազախստանին ձեռնտու է մի քանի, այդ թվում և անվտանգային ու արտաքին առևտրատնտեսական, ներդրումային միջավայրի բարելավման առումով։
Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Տոկաևի այդ դիրքորոշումը չափազանց կարևոր է ՀԱՊԿ-ի հետագա կենսունակությունը գնահատելու համար։ Ըստ էության, Օմսկում արձանագրվել է, որ այդ կառույցը Ռուսաստանի պատերազմը իրենը չի համարում։
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»։ Ըստ էության, նա «չի հասկանում», թե Ռուսաստանը հանուն ինչի՞ է Ուկրաինային պատերազմ հայտարարել։
Մեկ տարի առաջ Ռուսաստանը վճռականապես մերժել է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման որևէ միջնորդություն՝ Միացյալ Նահանգներից բացի։ Այսօր Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Կասիմ Ժոմարթ Տոկաևը հայտարարում է, որ միջնորդությունից հրաժարվում է, որովհետև Ռուսաստանը կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրները, բայց պատերազմը պետք է «սառեցնել»։ Դիավանագիտական լեզվից «թարգմանած»՝ սա նշանակում է, որ Ռուսաստանը Ուկրաինային «հաղթողի իրավունքով» ոչինչ չպետք է պարտադրի։
Ղազախստանը Կենտրոնական Ասիայի տնտեսական առաջատարն է, Թուրքական պետությունների կազմակերպության ազդեցիկ անդամ։ Տոկաևը Պուտինին խորհուրդ է տվել կրակի դադարեցումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունները սկսել չորս տարի առաջ Ստամբուլում արված «մշակումների հիմքով»։
Դա բավական թափանցիկ ակնարկ է, որ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ միջնորդ կարող է լինել Թուրքիան։
Հարկ է նաև ընդգծել, որ Օմսկում Պուտին-Տոկաև հանդիպումը անցել է Տյումենի նավթավերամշակման գործարանի և ՌԴ Ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի ուկրաինական թիրախավորման մասին տեղեկատվությունների ֆոնին։
Ավելի վաղ կանախատեսել էինք, որ Կասպյան «ավազանը ռազմականանում» է։ Ուկրաինան երկրորդ անգամ հիշեցրել է, որ «ձեռքը հասնում» է նաև Կասպից ծովին, որի հարավային՝ իրանական ափի Էնզելի նավահանգիստը մի քանի ամիս առաջ ռմբակոծել է Իսրայելը։

Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի
Վիկտոր Օրբանը կոչ է անում «դիմադրության քաղաքականության» նոր դարաշրջանի
«Օմսկը արդեն ռազմաճակատային քաղաք» է, թեև՝ Պուտինը փորձում է խուսանավել