06/08/2026

EU – Armenia

«НеЕсенин». Երբ բեմը դադարում է պատմել բանաստեղծի մասին և սկսում է հարցաքննել մարդուն. Լուսանկարներ

Որքան էլ տարօրինակ հնչի, երբեմն թատրոն ես մտնում ոչ թե ներկայացում դիտելու, այլ սեփական պատկերացումներդ կորցնելու համար։ Հենց այդպիսի զգացողությամբ դուրս եկա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմի տակի կամերային բեմից, որտեղ ներկայացվում էր «НеЕсенин» մոնոներկայացումը։

Արդեն վերնագիրը նախազգուշացնում է. սա Եսենինի մասին ներկայացում է, թե՝ չէ։ Թերևս, ավելի ճիշտ, այն Եսենինի մասին չէ, ում վաղուց վերածել ենք գեղեցիկ առասպելի, լուսանկարների, հարբեցողության մասին անեկդոտների, ողբերգական սիրավեպերի ու վերջին բանաստեղծության շուրջ կառուցված լեգենդների։

No photo description available.

«НеЕсенин»-ը համարձակորեն հեռացնում է այդ բոլոր շերտերը՝ հանդիսատեսին թողնելով մեն-մենակ մի մարդու առջև, որի անունը կարող էր նույնիսկ Եսենին չլինել։ Դա մարդկային հոգու անընդհատ ճեղքման պատմություն է։

Բաբկեն Զաքարյանը բեմ չէր բարձրացել՝ մեծ ռուս բանաստեղծին նմանակելու համար։ Նա չէր կրկնում հայտնի լուսանկարների կեցվածքները, չէր ընդօրինակում ձայնը, քայլվածքը կամ արտաքին դիմագծերը։ Ընդհակառակը՝ նա կարծես միտումնավոր հրաժարվում էր նմանությունից, որպեսզի ավելի մոտենար ճշմարտությանը։

Եվ հենց այստեղ է ներկայացման ամենամեծ հաղթանակը։

Դերասանը ոչ թե մարմնավորում է Եսենինին, այլ քանդում է նրա շուրջ ստեղծված կուռքը։ Յուրաքանչյուր շարժումով, յուրաքանչյուր լռությամբ, յուրաքանչյուր կտրուկ շնչառությամբ նա հեռացնում է հերթական դիմակը, մինչև որ բեմի վրա մնում է միայն մարդը՝ անպաշտպան, վիրավոր, երբեմն դաժան, երբեմն երեխայի պես մաքուր, երբեմն էլ սեփական ներսի մթությունից սարսափած։

May be an image of overcoat

Այս ներկայացման գլխավոր գործող անձը նույնիսկ պոեզիան չէ։ Այն ճշմարտությունն է, որ մեծ արվեստագետները հաճախ ստիպված են լինում ապրել սեփական առասպելի գերության մեջ։ Որքան ավելի մեծանում է բանաստեղծի անունը, այնքան փոքրանում է մարդը։ «НеЕсенин»-ը փորձում է վերադարձնել հենց այդ մարդուն։

Կամերային բեմը այստեղ պարզապես տարածք չէ։ Այն հիշեցնում է ներքին գիտակցության փակ սենյակ, որտեղ ոչինչ հնարավոր չէ թաքցնել։ Հանդիսատեսն այնքան մոտ է դերասանին, որ սկսում է լսել ոչ միայն արտասանվող բառերը, այլև շնչառության փոփոխությունները, լռության ռիթմը, մարմնի հոգնածությունը, պարել նրա հետ, ընդունել կարծես իր հասցեին հնչող մեղադրանքները ․․․ Այդ մոտիկությունն աստիճանաբար վերացնում է սովորական բաժանումը բեմի և դահլիճի միջև։ Դու այլևս դիտող չես, այլ այդ ներքին դատավարության մասնակից։ Եվ դա էլ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկակն թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի շնորհներից մեկն է, որ ստեղծեց այս հարթակն անմիջական ներկայացումների համար։ Կամերային տարածքն այստեղ ոչ թե սահմանափակում էր բեմական գործողությունը, այլ խտացնում այն։ Այն վերածվել էր յուրատեսակ օպտիկական դաշտի, որտեղ դերասանի յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր դադար, յուրաքանչյուր արտաբերված բառ և նույնիսկ լռության ամենակարճ ակնթարթը ձեռք էին բերում բացառիկ դրամատիկական կշիռ։

May be an image of text

Ներկայացման ռեժիսորական լեզուն աչքի չի ընկնում ցուցադրական էֆեկտներով։ Եվ դա նրա ամենաուժեղ կողմերից մեկն է։ Այստեղ ձևը երբեք չի փորձում գերազանցել բովանդակությանը։ Յուրաքանչյուր լույս, յուրաքանչյուր ստվեր, յուրաքանչյուր երաժշտություն ու դադար ծառայում են մեկ նպատակի՝ լսելի դարձնել այն, ինչ սովորաբար մնում է մարդու ներսում։

Երբեմն թվում էր, թե դերասանը ոչ թե բառեր է ասում, այլ լսում է սեփական հիշողությունների արձագանքը։ Բաբկեն Զաքարյանի խաղում առանձնապես տպավորիչ էր ներքին էներգիայի կառավարումը։ Նա երբեք չէր շտապում զգացմունքները հասցնել գագաթնակետին։ Դրանք կուտակվում էին դանդաղ, գրեթե աննկատ, ինչպես գարնանային գետը, որը երկար ժամանակ հանդարտ է թվում, մինչև հանկարծ հասկանում ես, որ արդեն ամբողջությամբ հայտնվել ես նրա հոսանքի մեջ։

Դա չափազանց երաժշտական դերակատարում էր։ Ոչ այն իմաստով, որ ներկայացման մեջ հնչում էին մեղեդիներ, այլ որովհետև դերասանի խոսքը կառուցված էր ռիթմերով, պաուզաներով, դինամիկ շեշտադրումներով, ներքին տեմպերով։ Երբեմն թվում էր, թե լսում ես ոչ թե արձակ կամ չափածո խոսք, այլ մարդու հոգու սիմֆոնիան, որի յուրաքանչյուր հատվածը հակասում է նախորդին, սակայն վերջում միավորվում է ամբողջական ողբերգության մեջ։

No photo description available.

«НеЕсенин»-ի ամենամեծ արժեքներից մեկն այն է, որ այն չի պարտադրում վերջնական պատասխաններ։ Ներկայացումից հետո հանդիսատեսը չի հեռանում համոզված, թե հասկացել է Եսենինին։ Ընդհակառակը՝ նա սկսում է ավելի քիչ վստահ լինել սեփական պատկերացումներին։ Իսկ մեծ արվեստը հենց այդպես էլ գործում է։ Այն չի լրացնում դատարկությունները, այլ ընդարձակում է դրանք։

Այսօր, երբ մշակույթը հաճախ ձգտում է ամեն ինչ արագ բացատրել, պիտակավորել ու վերջնական սահմանումներ տալ, «НеЕсенин»-ը համարձակորեն ընտրում է հակառակ ճանապարհը։ Այն պաշտպանում է մարդու բարդությունը։ Նրա հակասությունները։ Նրա անկատարությունը ․․․

Եվ գուցե հենց այդ պատճառով ներկայացման ավարտին բեմի վրա այլևս Եսենին չկար։ Չկար նաև առասպելը։ Մնում էր միայն մարդը։ Իսկ մարդը միշտ ավելի մեծ է, քան նրա կենսագրությունը։ Ավելի խոր, քան իր լեգենդը։ Եվ շատ ավելի ողբերգական, քան այն բոլոր բանաստեղծությունները, որոնցով մենք սովոր ենք հիշել նրան։

Սիմոն Սարգսյան

Հ․Գ․ Ինձ համար ներկայացումն ուներ նաև մի շատ անձնական սպասում։ Սկզբից ևեթ սպասում էի, որ ինչ-որ պահի կլսեմ Եսենինի «Սև մարդը»։ Այդ ստեղծագործությունն ինձ համար պարզապես գրականություն չէ։ Այն տարիների ուղեկից է, որի տողերն անգիր գիտեմ և հաճախ եմ արտասանում ընկերական ու գրական հավաքների ժամանակ, երբ գինին, պոեզիան, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ու գիշերվա անկեղծությունը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։

Թերևս հենց այդ պատճառով ներկայացման ողջ ընթացքում ներսումս մի լուռ սպասում կար։ Երբ վերջապես «Սև մարդը» հնչեց, այն ներկայացվեց ոչ թե որպես ամբողջական, այլ որպես բեմական գործողության մաս՝ դրամատուրգիական նպատակով մասնատված, կրճատված և թատերականացված։ Ես հասկանում էի այդ ռեժիսորական ընտրության տրամաբանությունը, սակայն ներքուստ շարունակում էի սպասել այն ամբողջական երաժշտությանը, այն անվերջ հոսքին, որով ճանաչում և սիրում եմ այդ ստեղծագործությունը։

Եվ տեղի ունեցավ մի անսպասելի երկխոսություն։ Բաբկեն Զաքարյանը բեմից ռուսերեն էր արտասանում Եսենինի տողերը, իսկ ես, նստած դահլիճում, մտքում՝ երբեմն գրեթե շուրթերով, դրանց զուգահեռ ասում էի հայերեն թարգմանությունը։ Մի պահ այլևս չկային դերասանն ու հանդիսատեսը, բեմն ու դահլիճը։ Կային նույն պոեմի երկու լեզուները, որոնք զուգահեռ հնչում էին մեկ տարածության մեջ՝ մեկը բեմից, մյուսը՝ հիշողությունից։

Հավանաբար հենց այդ պահին հասկացա, որ այս ներկայացման ամենակարևոր իրադարձությունը տեղի էր ունենում ոչ միայն բեմի վրա, այլև հանդիսատեսի ներսում։ Որոշ ներկայացումներ ավարտվում են, իսկ որոշները շարունակվում են մարդու հիշողության, ընթերցումների և անձնական կենսագրության մեջ։ «НеЕсенин»-ն ինձ համար պատկանում էր հենց երկրորդ տեսակին։

May be a black-and-white image

***

Ընկեր իմ,ընկեր իմ,
Ես այնպես հիվա՜նդ եմ,
Որտեղի՞ ց եկավ այս մորմոքն անտեղի,
Այդ քամի՞ ն է թափում
Աշնան չոր սաղարթը,
Թե ՞ օղի է թափվում իմ թմրած ուղեղին:

Գլուխըս թափ տալով ականջներն իր երկու,
Թվում է, հավքի պես,
Պատրաստվում է թռչել.
Սև մարդը,
Սև մարդը
Սնարին իմ թեքվում,
Սև մարդը
Ողջ գիշեր չի՜ թողնում ինձ ննջել:

Սև մարդը
Նողկալի ինչ-որ գիրք թղթատում,
Եվ ինչպես մեռելի
Սնարին տիրացուն,
Պատմում է ինձ կյանքը
Ստահակ մարդու
Եվ սիրտըս սարսափով ու վշտով է լեցուն:

Սև մարդը:
Սև մարդը:
«Լսում ես,լսում ես,-
Մրթմրթու՜մ է նա ինձ,-
Լավ մտքեր ու տենչեր շատ կային այս գրքում,
Ապրել է այս մարդը,
Այնտեղ,ուր ամենից
Նողկալ զավթիչներն
Ու գողերն են ապրում:
Ձմռան ձյունն այնտեղ
Խղճի պես մաքո՜ւր է
Եվ ուրախ մանու՜մ է
Ճախարակը բքի,
Բախտամոլ է եղել այս մարդը կյանքում իր,
Բայց բարձր մարկայի
Ու բարձր տեսակի:

Չքնաղ է նա եղել
Եվ պոետ իսկական,
Որ իր ոչ մեծ ուժով
Սրտերը հուզե՜լ է,
Եվ ինչ-որ մի կնոջ
Քառասուն տարեկան,
Չար աղջիկ է կոչել
Եվ միակ իր սերը:

Բախտը՝ խա՜ղ է ճարպիկ
Ձեռքերրի և մտքի,
Եվ միշտ էլ անբախտ են
Վեհերոտ սրտերը,
Ի՜նչ փույթ,թե երբեմն
Տառապում է հոգին,
Տեսնելով կոտրտված
Ու կեղծված ժեստերը:

Բուքի մեջ լինի,թե
Առօրյա գաղջ ցրտում,
Կորուստի պահերին
Թե վշտի դարանում,
Երևալ հասարակ,պարզասիրտ ու ժպտուն՝
Ահա քեզ մեծագույն արվեստը աշխարհում»:

«Գթա՜ ինձ,օ, սև մարդ,
Եվ քո խոսքն ընդհատիր,
Առանց այն էլ հոգիս
Պղտոր ու մոլոր է,
Իմ ինչի՜ն է կյանքն այդ
Խայրառակ պոետի,
Խնդրում եմ, ուրիշին
Պատմիր այդ բոլորը»:

Սև մարդը սևեռուն
Նայում է իմ դեմքին
Եվ աչքերը նրա
Բիլ փսխուքն է պատում,
Կարծես թե ես հենց նոր
Թալանել եմ մեկին,
Եվ գող եմ ,սրիկա,
Որին չեն նկատում…

Ընկեր իմ ,ընկեր իմ,
Ես այնպես հիվանդ եմ,
Որտեղի՞ ց եկավ այս մորմոքը անտեղի,
Այս քամի՞ ն է թափում
Աշնան չոր սաղարթը,
Թե՞ օղի՜ է թափվում իմ թմրած ուղեղին:

Քառուղին խաղաղ է,
Եվ ցուրտ է գիշերը,
Ես մենակ եմ այսօր,
Հյուրի չեմ սպասում,
Ճերմակ կիր են կարծես
Լցրել մութ դաշտերը,
Եվ հեծվոր-ծառերը
Դոփում են պարտեզում:

Ինչ-որ տեղ լսվում է
Կռընչոցը հավքի
Եվ դոփում են փայտե
Հեծվորները այգում,
Եվ նորից սև մարդը
Նստում է իմ կողքին,
Իր գլխարկն է հանում
Ու բաճկոնն արձակում:

Լսի՜ր ինձ, լսի՜ր ինձ,-
Խռռում է նա դեմքիս,
Կռանում է իմ վրա
Եվ իմ ուսը ճանկում,-
Ես դեռ չեմ հանդիպել
Աշխարհում ոչ-ոքի,
Որ այդքան տառապեր
Ցավերից իր անքուն:

Ասենք,ի՜նչ եմ ասում…
Այս գիշեր ժամանակ
Ուրիշ ի՞ նչ է էլ պետք
Աշխարհին այս քնկոտ,
Իր թխլիկ բդերով
Այցի գա գուցե «նա»
Եվ կարդաս դու նրան
Սիրերգներ նվաղկոտ…

Ա՜խ, լիրիկ պոետներ,
պաշտու՜մ եմ ես նրանց,
Թեկուզ այս ապուշին՝
գզգզված մազերով,
Որ կրքոտ այս կույսին՝
Երեսը դուրս տված,
Լուրջ բանե՜ր է ասում՝
Տենչանքից հալվելով…

Չեմ հիշում,չգիտեմ,
Ինչ-որ խուլ գյուղում,
Ռյազանում կամ գուցե
Մի ուրիշ գյուղակում,
Մի տղա է ապրել
Գեղջկական խեղճ հյուղում՝
Ոսկեղեն մազերով,
Աչքերով երկնագույն…

Նա դարձել է հետո
Բանաստեղծ իսկական,
Եվ իր ոչ մեծ ուժով
սրտերը հուզե՜լ է,
Ու ինչ-որ մի կնոջ
Քառասուն տարեկան,
Չար աղջիկ է կոչել
Եվ միակ իր սերը…»:

«Օ,սև մարդ,
Քեզանից տմարդի հյուր չկա,
Այդ փառքը վաղու՜ց է
Տարածված քո մասին»:
Ես ճոճում եմ հերսից
Ձեռնափայտս հանկարծ,
Եվ խփում եմ նրա
Նողկալի երեսին…

…Դրսում լո՜ւյս է արդեն,
Մեռել է լուսնկան ,
Ա՜խ,գիշեր, դե արի,
արածըդ վայելիր…

Ես մենա՜կ եմ այստեղ,
Իմ կողքին մարդ չկա,
Ես լոկ
Ու… ջարդված հայել՜ին…

Տեսանյութն՝ այստեղ

No photo description available.