Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է․ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Շաքե Իսայանը:
«Բոլորիս աչքի առաջ են եղել Գագիկ Ծառուկյանի խոսույթն ու դրան հակադարձումները` վիրավորանքներով, պիտակավորումներով, ընդհուպ ընտանիքի անդամներին: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի խոսույթում բավական տեւական ժամանակ ներքին համերաշխության, միասնության կոչերն էին, երկիրն այս վիճակից դուրս բերելու կոչերն էին: Դրան ի պատասխան, դեռեւս նախընտրական քարոզչական փուլում ակնհայտ էր, որ կար ուղղվածություն Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ: Դրան հաջորդել են գործընթացներ բոլորիս աչքի առաջ, խոսքը վերաբերում է ԲՀԿ-ի մանդատագողությանը, երբ մանդատներըր գողացվեցին, ըստ էության, եւ այն պրոցեսները, որ տեղի են ունենում Գագիկ Ծառուկյան անձի շուրջ ու նրա մասնավոր սեփականության շուրջ, անշուշտ, սեփականության իրավունքի կոպիտ խախտում են: Ես՝ ինքս էլ առիթ եմ ունեցել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դիտարկել եւ հարցադրում հնչեցնել, եթե պահանջն այն է, որ այդ տարածքում որեւէ շինություն չէր կարող գոյություն ունենալ, ինչպե՞ս է ստացվում, որ «Մուլտի վելնեսի» ցուցանակն ընդամենը պոկում ենք, տեղը փակցնում ենք մեկ այլ ցուցանակ, եւ դառնում է օրինակա՞ն: Այս ամեն ինչը տրամաբանությունից դուրս է, որեւէ գործընթաց պետք է լինի տրամաբանության շրջանակներում: Ես հետեւում եմ, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները փորձում սա ներկայացնել, թե ընդհանրապես քաղաքական պրոցեսների հետ կապ չունի, սրանք տնտեսական կամ իրավական գործընթացներ են իբրեւ թե: Խնդրում եմ, մեկը թող ինձ բացատրի՝ եթե կառույցն անօրինական է, ցուցանակը փոխելով դառնում է օրինակա՞ն: Եթե այս ամեն ինչը քաղաքական հաշվեհարդար չէ, ինչո՞ւ է տեղի ունենում հենց հիմա՝ հաջորդելով Գագիկ Ծառուկյանի բոլոր հիմնարկների արգելանքին կամ յուրացմանը։ Անշուշտ, սա քաղաքական հաշվեհարդարի վառ, ցցուն օրինակ է»,- ասաց Իսայանը:
Մեր դիտարկմանը, որ այս պրոցեսը շատերը բնորոշում են որպես «կուլակաթափություն», մյուսները` իշխանական ռեկետ, ինքն ի՞նչ բնորոշում կտա, ասաց, որ դժվար է որեւէ գնահատական տալ այն ամենին, ինչը տեղի է ունենում այսօր, սակայն, միանշանակ, սա շատ վատ ազդակ է Հայաստանում գործարար համայնքին` մարդկանց, ովքեր շարունակում են Հայաստանում ներդրումներ կատարել կամ գուցե ուզում են ներդրումներ կատարել: Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք տարիներ շարունակ այստեղ ներդրումներ են կատարում, օտարերկրյա ներդրողների համար եւս սա շատ վատ ազդակ է, քանի որ մարդը տնտեսական ներդրումներ է իրականացնում, տարիներ շարունակ ստեղծում է, բայց արդյունքում «գոմի դուռ» են որակում:
«Խնդրում եմ` վերցրեք կոնյակի գործարանի կադրերը նախկին ժամանակահատվածում, փառք Աստծո, ես տեղյակ եմ պրն Ծառուկյանի թիմից, խոսնակն է կադրերը տրամադրել, դուք կարող եք տեսնել, թե ինչ վիճակում է այն ձեռք բերվել եւ ինչպիսի տեսք ունի հիմա: Բոլորը գիտեն, որ Ծառուկյանն իր բոլոր հիմնարկները շենացնելուց, կահավորելուց, սարքելուց երբեմն շատ ավելի ճոխ է արել, ու հիմա այդ ամեն ինչն այլ կե՞րպ ներկայացնել: Ո՞ւմ համար հասկանալի չէ, որ «Արարատցեմենտում» չէին կարող ոսկյա պատեր լինել, ինչպես, օրինակ, միգուցե կարող էին հանդիպել Գագիկ Ծառուկյանի մյուս հիմնարկներում: Ցեմենտի գործարանում որեւէ մեկն ակնկալիք չուներն չէ՞, որ պատերը պիտի ոսկյա լինեին, ինչը կարող ենք տեսնել մյուս հիմնարկներում, կոնֆերանս սրահներում կամ գործարաններում: Չգիտեմ, թե ինչպես կանվանեք՝ կուլակաթափություն, ռեկետ, ընդհանրապես իրավական պետության, սեփականության իրավունքի ոտնահարում, ինչ անվանում ուզում եք տվեք, բայց իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, որ տարիներ շարունակ ստեղծածը կարելի է մի օրում վերցնել, յուրացնել ու ասել, որ այս ամեն ինչը մենք ենք ստեղծել, այսօրվանից Գագիկ Ծառուկյանն այս ամեն ինչի հետ կապ չունի։ Ադպես չի կարող լինել»,- շեշտում է ԲՀԿ անդամը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոռեկտության ու բարեկրթության կոչին, արդյո՞ք այդ կոչն անկեղծ է, նախկին պատգամավորն ասում է, որ այս տարիներին այդպիսի կոչեր բազմիցս լսվել են, սակայն, ինչպես Ծառուկյանն էր ասում, «Մեր խոսքը գործ է», եւ կարեւորն այն է, որ այդ խոսքերին հետեւի այն գործը, որով դու իսկապես այդ կոչն իրականություն կդարձնես: «Ցավոք սրտի, Ազգային ժողովում չի կարող հնչել քաղաքակրթության, բարեկրթության, նոր խաղի կանոների մասին մի կոչ, բայց զուգահեռ իրականության մեջ մենք տեսնենք, որ քաղաքական ուժերից մեկին դուրս թողնեն խորհրդարանից` բոլորիս աչքի առաջ, իսկ այդ քաղաքական ուժի լիդերին փորձեն զրկել իր սեփականությունից, իր ունեցվածքից: Այդ ամենը կա՞պ ունի քաղաքակրթության, բարեկրթության հետ: Անշուշտ, եթե զուգահեռ իրականության մեջ ունենայինք այլ իրավիճակ, ես միանշանակ կհամաձայնեի, կասեի, այո, կոռեկտության կոչերը կարող են գոյություն ունենալ: Բայց մենք հիմա մեր աչքի առաջ ունենք լրիվ հակառակ պատկերը»,- եզրափակեց Շաքե Իսայանը:

Բաց մի թողեք
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար
Փաշինյանը կարողացել է Պուտինին զանգել չորրորդ կամ հինգերորդ փորձից. Новое дело