Ընդունված է ասել, որ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնն է, ինչն ինքնին ենթադրում է պարտավորեցնող անվանում եւ պատվավոր առաքելություն:
Այդ ամբիոնից արտաբերվող յուրաքանչյուր խոսք, ամեն բառ պետք է առանձնանան ոչ միայն քաղաքակիրթ ու հայեցի հնչեղությամբ, այլեւ իրենց ներսում կրեն խորիմաստ, ճշմարտացի, ուսուցողական բնույթի բովանդակություն: Խորհրդարանական մշակույթի մյուս անկապտելի մասը բարեվարքության ու վարքագծի կանոններն են եւ, հատկապես՝ դրանց պահպանումը:
Ցավոք, ԱԺ նիստերի ժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից հաճախ հնչում են անպատշաճ արտահայտություններ, ոչ կառուցողական բանավեճեր ու փողոցային ժարգոն:
Բարեվարքության կանոններն ԱԺ-ում ամրապնդելու փորձեր բազմիցս արվել են, հատուկ հանձնախմբներ են աշխատել, նախաձեռնվել են փորձի փոխանակումներ, քննարկումներ եւ այլն, բայց ապարդյուն. շատ ժամանակ չանցած՝ ամեն ինչ վերադարձել է «ի շրջանս յուր»՝ նվազեցնելով խորհրդարանի նկատմամբ հանրային վստահությունը:
Ամեն հինգ տարին մեկ ամբիոնի մոտ կանգնած դեմքերն են միայն փոխվել, «հին ու բարի» ավանդույթը՝ լեզվակռիվը, հայհոյախոսությունը, կեղտոտ բառամթերքի գործածումը, մնացել է նույնը: Իսկ Փաշինյանի իշխանավարման օրոք դրանք հասել են իրենց կատարելության գագաթնակետին. դրանում, բնականաբար, վերջինիս անձնական «ավանդը» հսկայական է:
ՀՀ նախորդ ղեկավարներից ոչ ոք այնքան ժամանակ չէր վատնում խորհրդարանում, որքան՝ Փաշինյանը: Նա ջանում է բաց չթողնել Ազգային ժողովի ոչ մի նիստ եւ չի բավարարվում միայն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում իր մասնակցության կարճ ժամանակով:
Ճար ունենար՝ նստաշրջանների տեւողության «առյուծի բաժինը» կհատկացներ ՀՀ ամենազանգվածային ամբիոնը ՔՊ-ի եւ սեփական անձի գովազդին ծառայեցնելու, իր չունեցած փառքն ու անունը հնարավորինս լայնորեն աշխարհում թնդացնելու համար: Թեեւ անպատեհ շոուներ ցուցադրելուց եւ անախորժ հայտարարություններ անելուց՝ հաճախ հենց ինքն է առաջինը խայտառակվում: Ցավոք՝ նաեւ մեր պետությունը:
Մեծ հաշվով՝ բարեվարքության մարմնավորողը Հայաստանի եւ, եթե կուզեք, ողջ հայության գծով Նիկոլ Փաշինյանն է: Նրան է վիճակված ի պաշտոնե լինելու բարեվարքության ուսանելի օրինակ շատերի համար, լինելու այն գործիչը, որին մարդիկ հետեւում են եւ որից ուզում են սովորել քաղաքավարի պահվածք, անթերի խոսվածք ու ճիշտ վարվելակերպ: Համենայն դեպս՝ այդպես պետք է լիներ:
Բայց Փաշինյանի հարցում, մեր մեջ ասած, հայերիս բախտը չի բերել. նա այն առաջնորդը չէ, որից կարելի է ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան ընդօրինակել, առավել եւս՝ բարեվարքություն: Հնարավոր է՝ դա իր մեղքը չէ: Ի վերջո, բարեվարքությունը հենց այնպես չի տրվում. այն ձեւավորվում է ընտանիքում, դպրոցում եւ ամրապնդվում հասարակական միջավայրում, որի ծնունդ է ամեն մարդ:
Կարելի է գործող իշխանության ներկայացուցիչների (անշուշտ՝ ոչ բոլորի), այդ թվում՝ Փաշինյանի օգտագործած բառապաշարից բերել օրինակներ, որոնք թե՛ անպարկեշտ են, թե՛ վիրավորական եւ ոչ մի քննադատության չեն դիմանում:
Բայց դրա կարիքը չկա, քանզի տաբեր առիթներով խնդրո առարկա եզրույթները բազմիցս հոլովվել են, եւ ուղղակի տհաճ է ավելորդ անգամ շրջանառության մեջ դնել նման զզվելի բառերն ու արտահայտությունները:
Ի դեպ՝ իշխանության կողմից հնչեցվող՝ բարեվարքության կանոնները պահպանելու կոչերը մեծապես հասցեագրված են ընդդիմադիրներին, մինչդեռ ԱԺ-ում լարված իրավիճակներ նախաձեռնողները, որպես կանոն, իշխանական թեւի պատգամավորներն են:
ԱԺ-ում վարքականոնների թեման զարգացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանը՝ հայտարարելով, որ բարեվարքության կանոնները խախտելու դեպքեր ավելի հաճախ թույլ են տրվում ՔՊ-ական պատգամավորների կողմից:
Նրա դիտարկմամբ՝ ԱԺ-ում մթնոլորտ պղտորողներն ընդդիմադիր նոր պատգամավորները չեն, քանի որ նրանք մեծացել են կիրթ, դաստիարակված ընտանիքներում. «Եվ եթե անհրաժեշտություն կա բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է առաջին հերթին ուղղվի Նիկոլ Փաշինյանին»,- նկատել է ընդդիմադիր պատգամավորը: Որեւէ առարկություն չի կարող լինել՝ դա փաստ է:
Հայացք Երեւանից

Բաց մի թողեք
Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է. Մուրադ Օնայ. Լուսանկար
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի