07/09/2026

EU – Armenia

Ե՞րբ Ստեփան Ասատրյանը ներողություն կխնդրի Միքայել Սրբազանից

2026 թվականի օգոստոսի 31-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն՝ ընդդեմ Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ)՝ պարտավորեցնելով վերջինիս հերքել Աջապահյանի մասին հրապարակած տեղեկությունները։

Խոսքը, մասնավորապես, ահաբեկչություն խրախուսելու, Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև կին և աղջիկ ունենալու վերաբերյալ պնդումների մասին է։

Դատարանը սահմանել է նաև հերքման տեքստը․ «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ հայտնել եմ բացահայտ սուտ տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Իրավական գործընթացն, իհարկե, իր ընթացքն ունի։ Քանի որ վճիռը կայացվել է առաջին ատյանի դատարանում, այն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։

Ստեփան Ասատրյանից փորձել են պարզել՝ արդյո՞ք պատրաստվում է հրապարակային ներողություն խնդրել Միքայել Աջապահյանից։ «Երբ ներողություն խնդրեմ, դուք կիմանաք այդ մասին»,- կարճ արձագանքեց կարգալույծ արված հոգևորականը։

Այնուհետև Ասատրյանը պատմեց մի դեպք, որն, իր պնդմամբ, տեղի է ունեցել Մայր Աթոռում 1999 թվականին․ «Անուններ չեմ հրապարակելու, պարզապես իմացեք։ Միաբանությունում ինձ հետ շատ մտերիմ եպիսկոպոսներից մեկը հերթով իր մոտ է կանչում մյուս եպիսկոպոսներին։ Հետաքրքիր էր՝ ի՞նչ են քննարկում միաբանությունում։ Հին սերունդը գիտի, որ այնտեղ՝ միաբանությունում, նաև կին է ապրել։ Այսքանով կբավարարվեմ»։